ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է բժշկական միջամտության, որից ելնելով բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- նշել է Միկոյանը:
Նախկին նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ մոտ 2 շաբաթ առաջ հայրը սրտի միջամտության է ենթարկվել։
Իրավապահները Քոչարյանին, նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին և ևս 8 անձի տարբեր դրվագներով, բայց մեկ քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են առաջադրել։ Նախկին նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այսօր առավոտյան ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալված են։
