Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ևս 9 անձի նկատմամբ։ Նրանց թվում են Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի մասնակից Ս.Մ.-ն, ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության նախկին տնօրեն և «Այգեձոր» ՍՊԸ-ի նախկին ղեկավար Ա.Ո.-ն, նրա կինը և երկու դուստրերը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու՝ 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման՝ 4 դրվագով։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթի՝ Քոչարյանը 1998-2008 թվականներին մի շարք անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորություններն օգտագործել է պետական գույքն իրեն և փոխկապակցված անձանց ու ընկերություններին շահեկան պայմաններով, այդ թվում՝ շուկայականից էականորեն ցածր գներով և առանց հրապարակային սակարկությունների փոխանցելու համար։ Քննության վարկածով՝ հետագայում փորձ է արվել քողարկել այդ գույքի ենթադրյալ հանցավոր ծագումը և դրա ձեռքբերմանն օրինական տեսք հաղորդել։
Քննվող դրվագները վերաբերում են, մասնավորապես, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների ու Կասկադի հարակից հողամասերին, Պարոնյան 8 հասցեի գույքին, «Կապուտակ Սևան» առողջարանային համալիրին և Ծիծեռնակաբերդի խճուղում Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցին պատկանող տարածքին։ Ըստ Դատախազության՝ մի շարք գործարքներից հետո այդ գույքերի կամ դրանք տնօրինող ընկերությունների բաժնեմասերի մի մասը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանին կամ նրա հետ փոխկապակցված ընկերություններին։
Կաշառքի դրվագներից մեկը վերաբերում է Վազգեն Սարգսյան 20 հասցեի Սպայի տան շենքին և Նալբանդյան 16 հասցեի կիսակառույցին։ Ըստ քննության՝ դրանք պետական սեփականությունից դուրս բերելու և «Պիացցա Գրանդե» ընկերությանն օտարելու դիմաց Քոչարյանին փոխանցվել է 56 անշարժ գույք՝ ընդհանուր շուրջ 2,63 մլրդ դրամ արժեքով։ Այս դրվագում հիշատակվում են նաև պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը և Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանը։
Մյուս դրվագով Քոչարյանին որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք փոխանցելու եղանակ է դիտարկվում «Տոյոտա Երևան» ընկերության 30% բաժնեմասը, որը ձևակերպվել է Սեդրակ Քոչարյանի անունով։ Ըստ քննության՝ դրա դիմաց ապահովվել է ՊՆ-ին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերի՝ շուկայականից էականորեն ցածր գներով օտարումը։
Նյութը լրացվում է։
