ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այս պահին չի կարող գործի մանրամասները ներկայացնել։ Նրա խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Քոչարյանի՝ նախագահի…

Իրավապաշտպան Արամ Օրբելյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, սակայն այս պահին չի կարող գործի մանրամասները ներկայացնել։

Նրա խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է Քոչարյանի՝ նախագահի պաշտոնավարման տարիներին կառավարության որոշակի որոշումների վավերացմանը։ Օրբելյանը նշել է, որ պաշտպանական կողմն արդեն իսկ մեղադրանքի բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ է տեսնում։

«Այս պահին ունենք մեղադրանքի ֆորմալ փաստաթուղթ, որի բովանդակության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում, այդ թվում՝ նկարագրված արարքի՝ հանցագործություն լինել-չլինելու առումով»,- ասել է Օրբելյանը։

Նա նաև ենթադրել է, որ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան՝ հաշվի առնելով ձերբակալման ընթացակարգը։

Օրբելյանը հայտնել է, որ օրվա վերջում կամ ամենաուշը վաղը նախատեսում են բրիֆինգ անցկացնել և ավելի մանրամասն ներկայացնել գործի վերաբերյալ տեղեկությունները։

Քոչարյանի առողջական վիճակի և շտապօգնության կանչի վերաբերյալ նա հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ նշելով, որ խոսքը անձի առողջական և անձնական գաղտնիքի մասին է։

Leave a Comment