Նավթատար նավն անհայտ արկի հարվածից վնասվել և կորցրել է ընթացքը Օմանի ափերի մոտ, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Գերատեսչության №120-26 նախազգուշացման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օմանի Աշ Շիշահ բնակավայրից մոտ 9 ծովային մղոն հյուսիս-արևելք։
Անձնակազմի անդամները չեն տուժել, իսկ բնապահպանական ազդեցություն միջադեպի պահին չի արձանագրվել։
Ծովային անվտանգության ոլորտի աղբյուրները հարվածի ենթարկված նավը նույնականացրել են որպես Լիբերիայի դրոշով նավարկող Metro Venetian Aframax դասի նավթատար։ UKMTO-ն իր պաշտոնական նախազգուշացման մեջ նավի անվանումը չի հրապարակել։
Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության սպառնալիքի Severe (ծանր) մակարդակի պահպանման պայմաններում։ Ծովային տեղեկատվության համատեղ կենտրոնը՝ JMIC-ը, օգոստոսի 23-ի գնահատականում պահպանել էր սպառնալիքի այդ մակարդակը՝ նշելով առևտրային նավերի նկատմամբ հարձակումների փորձերի և անօդաչու թռչող սարքերով հետապնդման շարունակվող վտանգը։
Severe մակարդակը նշանակում է, որ առևտրային նավերի նկատմամբ դիտավորյալ հարձակումը համարվում է մեծ հավանականություն ունեցող։
Իրանի ստեղծած Պարսից ծոցի ջրային ուղիների վարչությունը մեկ օր առաջ Հորմուզի նեղուցով անցման կանոնները խախտողների ցուցակում ներառել էր 45 նավ՝ նրանց սպառնալով տուգանքներով, ձերբակալմամբ և բեռների հնարավոր բռնագրավմամբ։