Փաշինյանը ՊՆ-ից պահանջել է բացառել բանակում մահերի համար իշխանության մեղքը․ ԶԼՄ

Թերթի տվյալներով՝ բանակում գրանցված մահվան դեպքերը խիստ զայրացրել են Փաշինյանին։ Նա ՊՆ ղեկավարությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի հասարակության մոտ չձևավորվի տպավորություն, թե այդ դեպքերի պատասխանատվությունը կրում են իշխանությունները։

Վերջին շուրջ 10 օրերի ընթացքում բանակում 4 մահվան դեպք է արձանագրվել։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան մասին, նրան գտել էին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 19-ին Ճամբարակի ճանապարհին վրաերթից մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը, 6 զինվոր տուժել էր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24-ին արձանագրվել էր 4-րդ մահվան դեպքը․ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ծառայության հետ չկապված հանգամանքերում մահացել էր 37-ամյա պայմանագրային զինծառայող։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ էին նախաձեռնվել։

Օգոստոսին գրանցված մահվան դեպքերի ֆոնին կադրային փոփոխություններ են սկսվել ռազմական ղեկավարության շրջանակներում։ Պաշտոններից ազատվել էին Պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ դեպքերը դժգոհություններ էին առաջացրել նաև ՊՆ նախարար Պապիկյանի նկատմամբ։ Պապիկյանը ճեպազրույցում հայտնել էր, որ չի կրում մահվան դեպքերի ամբողջ պատասխանատվությունը։

Leave a Comment