Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իսկ այս այս ընթացքում Քոչարյաններին պատկանող մի շարք հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Կապարակնքվում են առևտրային ընկերությունները, օրինակ՝ «Տոյոտա» ավտոմեքենաների վաճառքի սրահը, «Օրանժ» ֆիթնեսը և այլն։

Իրավապահները խուզարկում են նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։ Այդ մասին հայտարարել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Կադրերում երևում է, որ Ազգային անվտանգության դիմակավորված մի քանի տասնյակ աշխատակիցներ տան ներսում են։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ամեն ինչ սկսվել է երեկ՝ 2026թ. օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից։ 

Լևոն Քոչարյանն իր խոսքում ասաց, որ ժողովուրդը ընդդիմադիրներին հարցնում է, թե «այդ պիղծը, դավաճանը ինչու էր մինչև հիմա մնում» (նկատի ունենալով՝ Ն.Փաշինյանին,-հեղ.), ինչից հետո Նիկոլ Փաշինյանը բարկացավ։

«Դուք ինչի՞ եք միլիոնատեր, ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս ձերն ա, գնում ես հարավ՝ ձերն ա, գնում ես՝ արևմուտք՝ ձերն ա, գնում ես արևելք… լավ ինչի հաշվին եք միլիոնատեր։ Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, դրա բացատրությունը դուք կարա՞ք տաք։ Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն 8 տարի վարչապետ եմ, դուք ինչի՞ եք միլիոնատեր, ես լիլիոնատեր չեմ»,-դինելով Լևոն Քոչարյանին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի փոխանցմամբ՝ այդ հարստությունը ժառանգաբար չի փոխանցվելու և հատիկ-հատիկ վերադարձվելու է պետությանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment