ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին, օգոստոսի 25-ի առավոտյան նրանց բնակարաններում իրականացված խուզարկություններից հետո տեղափոխել են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։
Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են ԱԱԾ, «Ազատությանը» հայտնել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Այնուհետև երկրորդ նախագահին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, հայտնել է նրա գրասենյակի ղեկավարը։
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ Գրիգորյանը նաև հայտնել է, որ Լևոն Քոչարյանին նույնպես տեղափոխել են ԱԱԾ։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից (ՀԿԿ) Armenia Today-ին հաստատել են խուզարկությունների անցկացումը և հայտնել, որ դրանք իրականացվում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։
ՀԿԿ-ից նաև նշել են, որ խուզարկություններ և այլ վարութային գործողություններ են իրականացվում մի քանի տասնյակ հասցեներում։ Մասնավորապես, «Հրապարակ»-ի տեղեկություններով, խուզարկություն է իրականացվել նաև «Օրանժ Ֆիթնես» մարզասրահում։
Գերատեսչությունից չեն պարզաբանել Ռոբերտ և Լևոն Քոչարյանների դատավարական կարգավիճակը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ ժամը 7:00-ի սահմաններում իրավապահները մտել են Լևոն Քոչարյանի բնակարան։
Նա տեսանյութ էր հրապարակել բնակարանի շքամուտքի մոտից, որտեղ երևում են դիմակավորված ուժայինները, և նշել, որ աշխատակիցները պատգամավորի տուն են մտել այն ժամանակ, երբ այնտեղ գտնվել են նրա երեք անչափահաս երեխաները։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի ունեցածն անվանել են «իշխանությունների հերթական գրոհը» երկրորդ նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ։
