ՀԱՊԿ-ն Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում չի համագործակցում , «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», – ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ին ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։
Գերատեսչության տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումը արտոնյալ պայմաններով», – ընդգծել է նա։
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր հեռացումը Երևանի համար կհեշտացներ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի լուծումը։ Նա նաև հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը չի պատրաստվում վերադառնալ ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքին։
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշում ընդունի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, եթե ցանկանում է դա անել, այլ ոչ թե սպասի կազմակերպությունից հեռացվելուն։
Հայաստանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը սառեցրել է 2024 թվականին։ Փաշինյանը հետագայում այդ որոշումը բացատրել է նրանով, որ կազմակերպության մեխանիզմները չեն գործարկվել 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ։
Հայաստանը 2024 թվականից նաև դադարել է մասնակցել ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը։ Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի բացառել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցի քննարկումը՝ ավելի քան երկու տարի կուտակված անդամավճարների պարտքի պատճառով։
Հունիսի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին կազմակերպությունից, Երևանը ստիպված կլինի այդ որոշումն ընդունել ի գիտություն։
