Հայաստանի հետ հարաբերությունների վերափոխումը մտահոգել է Ռուսաստանին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի մտահոգությունները կապել է ոչ այնքան Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման, որքան հայ-ռուսական հարաբերությունների բուն մոդելի փոփոխության հետ։ Այս մասին նա հայտարարել է Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia TodayYouTube ալիքում։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն ավելի շուտ պատրվակ է դարձել Ռուսաստանում մտահոգությունների համար, մինչդեռ դրանց «հիմնարար պատճառը» Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում սկսված վերափոխումն է։

«Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ, մեծ հաշվով, բնական գործընթաց»,- հայտարարել է վարչապետը։

Միաժամանակ Փաշինյանը Ռուսաստանում «որոշ շրջանակների» և հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել է Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու միջոցով սոցիալ-տնտեսական ճգնաժամ ստեղծելու և իշխանափոխության հասնելու փորձի մեջ։

Փաշինյանի պնդմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները Ռուսաստանին «խնդրել և քաջալերել են սահմանափակումներ կիրառել Հայաստանի արտահանման նկատմամբ»։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ընդդիմության նույն ներկայացուցիչները «ռուսաստանյան նույն շրջանակներին» հավաստիացնում են, որ սահմանափակումները շարունակելու և խստացնելու դեպքում Հայաստանում հնարավոր կլինի սոցիալ-տնտեսական ճգնաժամ առաջացնել և փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնել։

Փաշինյանը պնդել է, որ հենց սա է «գաղտնի պլանը», որի մասին ավելի վաղ խոսել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով անմիջապես Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունների նպատակը Մոսկվայի հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունն է, ինչպես նաև նոր տարածաշրջանային պայմաններում երկկողմ հարաբերությունների վերափոխումը, զարգացումն ու խորացումը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հակամարտության պայմաններում մի բան են, իսկ այն պայմաններում, երբ, ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն չկա և հեռանկարը դրական է՝ բոլորովին այլ։

Վարչապետը հայտարարել է, որ երկու դար հայ-ռուսական հարաբերությունները հիմնականում ընկալվել են ռազմական անվտանգության և այն պատկերացման համատեքստում, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։

Սակայն, նրա գնահատմամբ, 2021-2023 թվականների իրադարձությունները ցույց են տվել, որ սեփական անվտանգային խնդիրների պատճառով Ռուսաստանը «երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ» այդ դերը կատարելու համար։

Այնուհետև Փաշինյանը հարաբերությունների ներկայիս վերափոխումը կապել է հայ ժողովրդի պատմական փորձի հետ։ Նրա վարկածով՝ 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն ահագնացել են նաև այն բանից հետո, երբ հայերը որոշել են իրենց հարցերը լուծել միջազգային երաշխավորների միջոցով՝ հենվելով նաև արտաքին ուժային գործոնների վրա։

«Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ընկալումն ավելի էր ուժեղացնում հայերի շուրջ ձևավորվող թշնամանքը, իսկ երբ Ռուսաստանը ներքին խնդիրների և այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, հայերը «մեկ մենակ մնացին» իրենց թշնամի համարող և իրենց կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։

«Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները՝ ցեղասպանություն»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, այդ պատմական դասը չի յուրացվել նույնիսկ 21-րդ դարում։

Նա կոչ է արել հրաժարվել արտաքին երաշխավորների վրա հենվելուց և «պատմական արդարության» մասին պատկերացումներից՝ հայտարարելով, որ հայերի ազգային իղձերն արդեն իրագործված են ներկայիս Հայաստանի Հանրապետությունում։

«Պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքները և իղձերն իրականացված են, և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է»,- հայտարարել է նա։

Կառավարության արտաքին քաղաքականությունը Փաշինյանը բնութագրել է որպես «հավասարակշռված և հավասարակշռման»։

Դրա առաջնահերթությունների թվում նա նշել է Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մասնավորապես՝ իշխանությունները մտադիր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։

Առանձին Փաշինյանը կոչ է արել դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ մեկ շուկայից անհամաչափ կախվածությունը սպառնալիք է՝ անկախ տվյալ պահին այդ շուկայի հետ հարաբերությունների վիճակից։

«Սա սպառնալիք է, որը ցանկացած պահի կարող է կիրառվել երկրի անկախությունը սահմանափակելու համար»,- հայտարարել է Փաշինյանը։

Որպես դիվերսիֆիկացման օրինակ՝ վարչապետը նշել է նավթամթերքի շուկան՝ ընդգծելով, որ 2024-2026 թվականներին Հայաստան նավթամթերք է ներմուծվել 20 տարբեր երկրներից։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսին հայտնել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորելու փուլում են գտնվում։ Կոպիրկինը դա կապել էր փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ պայմաններին հարմարվելու հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այդ գործընթացը Երևանի հետ վարել կառուցողական և փոխշահավետ ձևով։

Leave a Comment