Հայ ժամանակակից գրականության ազդեցիկ ու խոշոր հարթակներից մեկը՝ «Գրանիշը», օրերս հիմնովին թարմացրել է իր կայքը՝ դարձնելով ավելի արագ, ժամանակակից ու հարմարավետ։ Վերանայվել է նաև հարթակի հայեցակարգը, որի առանցքում գրական քննադատությունն ու գրականության շուրջ հանրային խորքային քննարկումները խթանելն է։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք «Գրանիշի» հիմնադիրներ՝ գրականագետ Հասմիկ Հակոբյանի և բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ։
««Գրանիշը» կանգնած է այն ամենի ակունքներում, երբ հայ գրականությունը դեռ նոր էր «արտագաղթում» օնլայն տիրույթ»,– ասում է Կարեն Անտաշյանը՝ հավելելով, որ ավելի քան 17 տարվա հայ ժամանակակից գրական ընթացքի թվային արխիվն այսօր կենտրոնացված է «Գրանիշ» գրական հարթակում։
Հասմիկ Հակոբյանը նշում է, որ այսօր նախկին տարիների ոգևորությունն ու ընթերցանության նույն աստիճանը չկա։ Ժամանակակից մարդու աշխարհայացքն ու հետաքրքրությունները խիստ բազմազան են դարձել։ Հետևաբար մեծ ջանք է պահանջվում, տեղեկատվական հոսքերի մեջ տեքստի ու գրականության հանդեպ հետաքրքրություն արթնացնելու համար։ Նա ընդգծում է, որ մարդիկ այսօր նախընտրում են ինֆորմացիան սպառել կարճ ֆորմատի տեսանյութերով, սեղմագրերով կամ աուդիոտարբերակներով։ Գրքի կամ տեքստի հետ հարաբերվելը ժամանակակից ընթերցողի համար դարձել է բավականին ժամանակատար։ Օրինակ՝ կայքում հնարավոր է տեսնել, թե յուրաքանչյուր տեքստին որքան ժամանակ է տրամադրվում․ միջինում դա կազմում է 8–12 րոպե։
«Վերջապես ունենք մեր երազանքների կայքը»,– նշում է Հասմիկ Հակոբյանը։ Կարեն Անտաշյանն առանձնացնում է նոր հարթակի հիմնական առավելությունները․ ընթերցողական հարմարավետությունը՝ ընտրված տառատեսակներից մինչև վիզուալ «աղմուկից» զերծ, մաքուր ընթերցանության տարածք ստեղծելը։ Բացի այդ, համակարգվել ու ավելի հասանելի է դարձել տարիների ողջ օնլայն արխիվը, ամբողջացվել է հեղինակների բիբլիոգրաֆիան, ներդրվել է գրքային ակնարկների՝ ռեվյուի հատվածը, նաև՝ նյութերի ներկայացումը խմբագրական ամփոփաթերթերով։
Անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին՝ զրուցակիցները նկատում են, որ քաղաքական մթնոլորտը հաճախ «ծածկում» է դաշտը՝ տեղ չթողնելով մշակութային ու գրական խոսակցությունների համար։ Անտաշյանը հավելում է, որ արհեստական բանականության ակտիվ զարգացման շրջանում, երբ փորձ է արվում հաղթահարել նաև պատերազմի հետևանքներն ու տրավմաները, գրականության առջև ծառացած սուր խնդիրներից է դառնում նաև մրցակցությունը գեներացված տեքստի հետ։ Գեղարվեստական, մարդկային տեքստը, հորինվածքը, պոեզիան և իրական լեզվի փնտրտուքը, առաջնային պլան է մղվում․ գրական տեքստը դառնում է բուն մարդկայնության նշան։
«Եթե 20 տարի առաջ մենք պայքարում էինք այն թեզի համար, որ գոյություն ունի ժամանակակից հայ գրականություն, հիմա այդ խնդիրը չկա․ տպագրվում են գրքեր, գրողներն ունեն իրենց հետևորդները։ Բայց ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ է դա տալիս հասարակությանը, և ո՞րն է այն ինտելեկտուալ «մզվածքը», որը պիտի դառնա հանրային սեփականություն»։ Կարեն Անտաշյանի համոզմամբ՝ հենց այս հարցերը վեր հանելու համար են կարևոր գրական քննարկումները, երկխոսությունը, բանավեճն ու կողմ և դեմ կարծիքների բազմազանությունը, որոնք էլ կենդանի գրական պրոցեսների ապացույցն են։