Պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄ – armeniatoday.am

Սիսիանի զորամասերից մեկում օգոստոսի 24-ին պայմանագրային զինծառայող է մահացել, հայտնում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նյութի հրապարակման պահին Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չէր ստացվել։ Քննչական մարմիններում թերթի աղբյուրը հաստատել է զինծառայողի մահվան փաստը։

Թերթի տվյալներով՝ զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի տարածքում։ Թերթի տեղեկություններով՝ նախնական վարկածով նա ինքնասպանություն է գործել։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Եթե լուրը հաստատվի, սա կլինի վերջին շուրջ 10 օրերի ընթացքում բանակում 4-րդ մահվան դեպքը։ Օգոստոսի 13-ին Պն-ն հայտնել էր զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան մասին՝ հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 19-ին Ճամբարակի ճանապարհին վրաերթից մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը, 6 զինվոր տուժել էր։ Օգոստոսի 23-ին հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Բոլոր դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվել։ 

Օգոստոսին գրանցված նախորդ մահվան դեպքերին հաջորդել էին ռազմական ղեկավարության կադրային փոփոխությունները։ Պաշտոններից ազատվել էին պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել էր ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ դեպքերը դժգոհություններ են առաջացրել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ։

Leave a Comment