Շարունակվում է ՀՀ ԱԺ աշխատանքը․ ընտրվել են 10 հանձնաժողի նախագահներ – armeniatoday.am

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է իններորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը, որը մեկնարկել է օգոստոսի 2-ին։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։ 

Օգոստոսի 24-ի նիստը նոր խորհրդարանի աշխատանքի 18-րդ օրն է։ Այս պահի դրությամբ պատգամավորներն ընտրել են 12 մշտական հանձնաժողովից 10-ի նախագահներին։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր»), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արուսյակ Ջուլակյանը («Քաղաքացիական պայմանագիր»), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյանը («Քաղաքացիական պայմանագիր»), իսկ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Սարգիս Խանդանյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գլխավորել է Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նազելի Բաղդասարյանը («Քաղաքացիական պայմանագիր»), Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Լուսինե Բադալյանը («Քաղաքացիական պայմանագիր»)։

Արդեն ընտրված 10 մշտական հանձնաժողովի նախագահներից ութը ներկայացնում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Խմբակցության կողմից առաջադրված բոլոր թեկնածուներն ընտրվել են։ 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Բացի այդ, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը։ Ավելի վաղ նույն խմբակցության թեկնածու Հայկ Ֆարմանյանը չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ։

ՔՊ-ն նաև առաջին քվեարկությամբ չէր աջակցել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, և Արեգա Հովսեփյանին՝ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը դեռևս օրակարգում է։

Ընթացիկ նիստում խորհրդարանը քննարկում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Ներկայացնելով իր թեկնածությունը՝ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն առաջնահերթ պետք է մնան երկրի և ժողովրդի երկարաժամկետ շահերը։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերությունների ընդլայնումը պետք է նպաստի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը։

Բոլոր մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորումից հետո Ազգային ժողովը կանցնի կառավարության ծրագրի քննարկմանը։ Նոր կառավարությունը խորհրդարանին պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը՝ հնգամյա լիազորությունների ժամկետի համար։

Leave a Comment