ԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ Կոշտա

Եվրամիությունը խոստանում է շարունակել աջակցություն տրամադրել Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ արված իր շնորհավորական ուղերձում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Մենք կշարունակենք տրամադրել այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ թե պատերազմի, թե խաղաղության բանակցությունների ժամանակ, թե վերակառուցման ընթացքում»,- նրա խոսքերը մեջբերել է dpa-ն։

«Ուկրաինայի ապագան Եվրոպական Միության կազմում անվտանգության և երկարաժամկետ ժողովրդավարական կայունության լավագույն երաշխիքն է՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ ամբողջ Եվրոպայի համար»,- հավելել է նա։

Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակել պատժամիջոցների կիրառմամբ ճնշումը Ռուսաստանի վրա։

«Մենք կմեծացնենք ճնշումը, քանի դեռ Ռուսաստանը մարտադաշտից չանցնի բանակցությունների սեղանին»,-նշել է Անտոնիո Կոշտան։

Նա անձամբ կմասնակցի «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը Կիևում օգոստոսի 24-ին։

Leave a Comment