36 տարի առաջ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ ազդարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հռչակագրով Հայաստանը հռչակվեց ինքնիշխան պետություն, ամրագրվեցին պետական իշխանության ինքնուրույնությունը, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները, սեփական զինված ուժեր ունենալու և ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ Հռչակագրի 12-րդ կետով այն հիմք դարձավ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության մշակման համար։
Հռչակագրի նախաբանում խոսվում է պատմական արդարության վերականգնման մասին և հղում է արվում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։ Առանձին՝ 11-րդ կետով, ամրագրված է, որ Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
Այսօր՝ Հռչակագրի ընդունումից 36 տարի անց, դրա շուրջ նոր քաղաքական բանավեճ է ծավալվում։ Գործող Սահմանադրության նախաբանը հղում է անում Անկախության հռչակագրում ամրագրված պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում այդ հղումը չպետք է լինի՝ Հռչակագիրը բնորոշելով որպես «կոնֆլիկտի տրամաբանության» վրա կառուցված փաստաթուղթ։
Օգոստոսի 11-ին իշխող «Քաղաքցիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն արդեն հայտարարել է, որ պատրաստվող նոր Սահմանադրության նախաբանը Անկախության հռչակագրին հղում չի պարունակելու։ Նա միաժամանակ պնդել է, որ խոսքը գործող Սահմանադրությունից որևէ դրույթ հանելու մասին չէ, քանի որ իշխանությունը նոր Սահմանադրություն է գրում «դատարկ թղթից»։
Հռչակագրին հղման հարցը նաև հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությունում այդ հղումը տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ և Սահմանադրության փոփոխությունը կապում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հետ։ Միաժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանը դեռ 2024 թվականին արձանագրել էր, որ Հռչակագրի՝ Սահմանադրության մեջ չամրագրված դրույթները ինքնուրույն սահմանադրական ուժ չունեն։
Իշխանություն-ընդդիմություն հակադրությունը
Իշխանությունը նոր Սահմանադրությունը ներկայացնում է որպես Հայաստանի պետականության նոր ընկալման և խաղաղության օրակարգի մաս, իսկ ընդդիմությունը Հռչակագրին հղումից հրաժարվելը համարում է Հայաստանի պետականության հիմքերի վերանայման և Ադրբեջանի պահանջին ընդառաջ գնալու քայլ։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցը համեմատել է մարդու ծննդյան վկայականից հրաժարվելու հետ․ «Սահմանադրությունը մեր ծննդական է, հասնենք 35 տարեկանի՝ վառե՞նք, Ալիևի Սահմանադրությունն ընդունե՞նք»,– հայտարարել է նա։
Անկախության հռչակագիրը 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի ամբիոնից ընթերցած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր այն անվանել է «մեր ազատագրական շարժման հիմնական հաջողություններից մեկը» և «մեր երկրի ծննդականը»։
«Ուզում է լինի Նիկոլը, ուզում է լինի որևէ բոլշևիկ, որևէ մեկը չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը»,- գրել է Մանուկյանը՝ կոչ անելով տեր կանգնել Հայաստանի անկախությանն ու Անկախության հռչակագրին։
