«…Թատրոնում հնարավոր է ամեն ինչ: Բեմին կարելի է ներկայացնել երկար մի պատմություն կամ պարզապես մարդու, որը մտնում է, կանգնում, շուրջբոլորն է նայում: Կարելի է ցուցադրել լուսային էֆեկտներ, դեկորի տարրեր, ստվերներ, գազաններ…Կարելի է ցույց տալ անգամ դատարկ բեմը: Եվ այդ ամբողջն՝ առանց բացառության, կոչվում է թատրոն»: (էժեն Իոնեսկո, ֆրանսիացի դրամատուրգ)
Տիպիկ անգլիական երեկո: Անգլիական ժամացույցը 17 անգամ ազդարարում է ժամանակը: Անգլիացի ամուսնական զույգը՝ միսիս և միսթր Սմիթները զրուցում են: Միսիս Սմիթը թվարկում է, թե ինչ են կերել նախորդ օրը և հայտնում ամուսնուն, որ պատրաստվում է գնել բուլղարական յոգուրտ: Միսթր Սմիթը թերթ է կարդում: Նրան զարմացնում է այն, որ անգլիական թերթերի խրոնիկայում միշտ նշում են մահացածների տարիքը, իսկ ահա նորածիններինը՝ ոչ: Թերթում գրված է, որ մահացել է Բոբի Ուոթսոնը: Միսիս Սմիթը զարմանքից «ա՜խ» է քաշում: Ամուսինը ստիպված է հիշեցնել, որ Բոբին մահացել է ոչ թե երեկ, այլ 2 տարի առաջ, իսկ տարիուկես առաջ նրանք մասնակցել են նրա հուղարկավորությանը: Նրանք քննարկում են մահացածի ընտանիքի բոլոր անդամներին և պարզում, որ նրանց բոլորին կոչում էին Բոբի Ուոթսոն, անգամ՝ տիկնոջը: Դրա համար բոլորը նրանց շփոթում էին, և միայն Բոբիի մահից հետո վերջնական պարզ դարձավ, թե ով՝ ով է:
Սմիթների աղախին Մերին հայտնում է, որ դռան մոտ են Մարտին ամուսինները, ովքեր չեն համարձակվում ներս գալ և սպասում են հրավերի: Մարտին ամուսինները ևս իրենց տարօրինակությամբ չեն զիջում Ուոթսոններին: Հայտնվելով սենյակում, միսիս և միսթր Մարտինները հանկարծ պարզում են, որ նախկինում ճանաչել են միմյանց, որ երկուսն էլ ծնունդով Մանչեստրից են, Լոնդոն են հասել նույն գնացքի երկրորդ կարգի վագոնով, ապրում են Բրոմֆիլդ սթրիթ 19 հասցեի տանը, քնում են նույն անկողնում և ունեն երկու տարեկան աղջիկ՝ կարմիր և սպիտակ աչքերով: Դոնալդ Մարտինը գալիս է եզրակացության, որ Էլիզաբեթն իր կինն է: Ամուսիններն ուրախ են, որ կրկին վերագտել են միմյանց, ու գրկախառնվում են:
Երեկոն շարունակվում է սեղանի շուրջ: Սմիթների և Մարտինների միջև ընթացող երկխոսությունները սկզբում թվում են մակերեսային և բնական, բայց հետզհետե դրանք դառնում են առավել անհեթեթ և զուրկ իմաստից: Եվ եթե դուք այս ամենի ունկնդիրն ու ակնդիրն եք, ապա շնորհավորում ենք Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհին» ներկայացման հանդիսատեսը դառնալու կապակցությամբ: Պիեսի գործող անձինք վեցն են՝ Մարտին և Սմիթ ամուսնական զույգերը, Սմիթների աղախինը և հրշեջը: Ինչպես տեսնում եք, թվարկածների ցանկից բացակայում է երգչուհին, ով լրիվ ճաղատ է: Ճիշտն ասած, դուք նրան չեք էլ գտնի՝ նա չկա, դրամատուրգը նրան չի էլ նախատեսել ի սկզբանե:
Այդ դեպքում ինչո՞ւ է պիեսը կոչվում «Ճաղատ երգչուհին»: Հեղինակն այն սկզբում ցանկացել է վերնագրել «Անգլերեն՝ առանց ջանքերի» կամ «Անգլիական ժամ», սակայն ներկայացման փորձերի ժամանակ հետաքրքիր դիպված է տեղի ունենում, որն էլ կանխորոշում է պիեսի վերնագիրը: Հրշեջի դերակատար Անրի Ժակ Յուեն, ով երկար-բարակ պատմում է հարբուխի մասին, «շիկահեր ուսուցչուհի» ասելու փոխարեն արտաբերում է «ճաղատ երգչուհին»(ֆրանսերեն՝ une cantatrice chauve): Հենց այդ անհեթեթ բառակապակցությունն էլ, որն ըստ հեղինակի շատ ավելի համահունչ էր ստեղծագործության բովանդակությանը, դառնում է վերնագիր:
Ռումինական ծագմամբ ֆրանսիացի դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Էժեն Իոնեսկոն ի սկզբանե տանել չէր կարողանում թատրոնը: Մանկության տարիներին նա սիրում էր թատրոնը, իսկ հետո՝ ժամանակի հետ, նրա հայացքները փոխվում են: Նա սկսում է նկատել պայմանականություններ և արհեստականություն թատերական ներկայացումներում, որոնք նրա մոտ հիասթափություն ու խառնաշփոթ էին ծնում: Իոնեսկոն համարում էր, որ թատերական իրականությունը՝ կենդանի դերասաններով, կործանում է մտածածին աշխարհը՝ միմյանց բախելով երկու իրար չհամապատասխանող իրականություններ:
Չնայած ցանկությանը՝ չզբաղվել թատրոնով, Իոնեսկոն, գրեթե պատահականորեն, գրեց իր առաջին պիեսը՝ «Ճաղատ երգչուհին»: 1948թ․-ին նա սկսել էր անգլերեն սովորել դասագրքի օգնությամբ, որը կոչվում էր «Անգլերեն առանց ջանքերի. յուրացման մեթոդով»: Օտար լեզուն Իոնեսկոն սովորում էր «Assimil» մեթոդով, որը ենթադրում էր ամբողջական նախադասության մտապահում: Վերընթերցելով նախադասությունը, նա զգում է, որ անգլերեն սովորելուն զուգահեռ բացահայտում է իրեն հայտնի մի շարք ճշմարտություններ, օրինակ՝ որ շաբաթը յոթ օր ունի, որ առաստաղը վերևում է, հատակը՝ ներքևում և այլն. ակնհայտ փաստեր, որոնք որքան որ ապշեցնող էին, այնքան էլ անհերքելիորեն ճշմարիտ: «Ճաղատ երգչուհին» պիեսը, որն առաջին անգամ բեմադրվել է 1950թ․-ին, ձևավորվել է հենց այդ «ակնհայտ» ճշմարտություններից:
Միսիս Սմիթ–Կյանքը կարելի է տեսնել պատուհանից…
Միսիս Մարտին–Ես կարող եմ նստել աթոռին, բայց աթոռը չի կարող նստել ինձ վրա…
Միսթր Սմիթ–Այո՜, պետք է հաշվի առնել բոլոր գործոնները…
Միսթր Մարտին–Առաստաղը բարձր է, իսկ հատակը՝ նեղ…
Միսիս Սմիթ–Երբ ես ասում եմ այո, դա՝ անհեթեթություն է…
Միսիս Մարտին-Ամեն մեկին իրենը…
Միսթր Սմիթ-Վերցրեք շրջանը շոյեք այն և այն կվերածվի փակ շրջանի…
Միսիս Սմիթ-Ինչպես ուսուցիչն է սովորեցնում աշակերտին կարդալ, այդպես էլ կատուն է կաթով կերակրում իր ձագերին…
(հատված պիեսից)
Աբսուրդի դրամատուրգիան կամ աբսուրդի թատրոնը, 20-րդ դարի կեսերի եվրոպական ավանգարդիստական ուղղություն է, որը մարդու գոյության անիմաստությունն ու սնանկությունը ներկայացնում է անհեթեթ, տրամաբանությունից զուրկ իրավիճակների և ձգձգված երկխոսությունների միջոցով: «Այլ կերպ ասած, նրան կոչում են ձանձրույթի թատրոն,-ասում է դերասանուհի, «Հերատ երգչուհին» ներկայացման բեմադրիչ Հասմիկ Սուվարյանը,-աբսուրդի ժանրի ներկայացումները հայ հանդիսատեսի շրջանում մեծ մասսայականություն չեն վայելում հենց դժվար հասկացվելու պատճառով: Եվ անել այդ ժանրի ներկայացում բավական ռիսկային է թե դերասանների, թե հանդիսատեսի առումով»:
Զրուցակիցս խոստովանում է, որ իր ուսանողական թատերախումբը սկզբում չի ընկալել Իոնեսկոյի գործը, անգամ տարակուսել են՝ մի՞թե հնարավոր է բեմադրել: «Պնդեցի նորից կարդալ, տվեցի բանալիներ, որ կարողանան բառերի այս խառնաշփոթի մեջ, որտեղ չկա տրամաբանություն, հասկանան պիեսի բուն ասելիքը, թե ինչու են այդ մարդիկ դատարկաբանում, զուգահեռներ տարանք մեր այսօրվա իրականության հետ: Եկեք ընդունենք, որ այսօր ձևը հաղթել է բովանդակությանը՝ ամեն մեկն ապրում է իր ստեղծած աշխարհում, իր պատկերացրած ձևով: Մենք շատ հաճախ խոսում ենք ամեն ինչից ու միաժամանակ ոչնչից: Ապրում են իրար կողքի, սակայն միմյանց չենք ճանաչում: Եվ Իոնեսկոյի հերոսները, և մենք, ցավոք այսօր գնում ենք նույն ճանապարհով՝ մեկուսացման մեջ փնտրելով երջանկություն»,-ասում է Հասմիկ Սուվարյանը:
Գյումրիում պիեսը ներկայացվել է «Հերատ երգչուհին» վերնագրով: Բեմադրիչն ասում է, ընտրել են պիեսը բնագրից թարգմանած Գրիգոր Ջանիկյանի տարբերակը: «Պիեսի վերնագիրը կարդալիս քեզ սկզբում կարող է թվալ, թե այն ինչ որ ճաղատ, անմազ երգչուհու մասին է: Բայց աբսուրդն էլ հենց դա է, որ նա գոյություն չունի: Արդեն գիտենք, որ վերնագիրը պատահականության ծնունդ է, դերասանի սխալմունքի և պիեսում էլ գործող անձանցից հրշեջն է միայն հարցնում, թե ինչպես է ճաղատ երգչուհին, նրան պատասխանում են, որ շարունակում է սանրել իր վարսերը,-Հասմիկը ծիծաղում է,-իսկ քանի որ մենք էլ տվյալ գործող անձին ընդհանրապես հանել ենք ներկայացումից, ստացվում է, որ անգամ վերնագիրն արդարացնող հատվածը չունենք՝ ստացվել է աբսուրդ աբսուրդի մեջ»:
Աբսուրդի ժանրի գործերը ճկուն են՝ հեշտ են ենթարկվում տրանսֆորմացիայի, կարևորը պահես մատուցման սկզբունքը: Էժեն Իոնեսկոյի հեղինակային գործում տեսարանները դանդաղ են զարգանում, իսկ Գյումրիում ներկայացվող տարբերակը շատ ավելի ռիթմի մեջ է արվել: «Անցած դարի հանդիսատեսը կարող էր նստել և դիտել երկար տեսարաններ: Մեր խելագար վազքի մեջ դա անհնար է, ու մենք որոշակի արագություն ենք հաղորդել կատարվողին: Ներկայիս հանդիսատեսն այդքան համբերություն չունի, դու պիտի կարողանաս իրեն պահել հետաքրքրության ծիրում՝ միաժամանակ այնպես անես, որ հասցնի որսալ տողատակում ասվածը: Մենք ոչ թե ձանձրույթի մեջ եղած անիմաստությունը պիտի շեշտեինք, այլ արագության մեջ իմաստի բացակայությունը» ,-նկատում է Հասմիկը:
Քանի որ տեքստերն ինքնին ոչինչ չեն ասում, թատերախումբը հիմնական շեշտադրումն արել է հագուստի, դիմախաղի ու բեմադրության մաս կազմող դեկորների վրա: Ներկայացման մեջ սեղանը դատարկ է, աթոռը դատարկ է, շիշը դատարկ է, ճամպրուկը դատարկ է: Դատարկության խորհրդանիշ փուչիկներով է ամեն անգամ ներկայանում Սմիթների աղախինը: Հիմնական գործող անձինք պճնված հագուկապով են(պահում են ձևը), սակայն կիսավարտիքներով, որը չի համապատասխանում ընդհանուր հագուկապի տրամաբանությանը(զերծ են բովանդակութունից):
«Այսինքն ամեն ինչ իր ձևի մեջ կա, չկա կարևորը՝ բովանդակություն: Ողբերգությունը նրանումն է, որ ոչ մեկը չի նկատում այդ դատարկությունը, որովհետև համատարած է,-բացատրում է զրուցակիցս,-եթե իրենց շրջապատում լիներ մեկը, որ մատնացույց կաներ, բայց այդ մեկն էլ չկա՝ բոլոր կերպարները ապրում են նույն դատարկության մեջ և գոհ են իրենք իրենցից»:
«Հերատ երգչուհին» ներկայացման մեջ պիեսի վերջաբանը ևս փոխված է: Հեղինակային տարբերակում հերոսները սկզբում շփվում են նախադասություններով, վերջում դրանք դառնում են բառեր, հետո տառեր՝ վերածվելով անիմաստ աղմուկի, իսկ զույգերը տեղափոխվում են՝ կրկնելով դեպքերի անիմաստ շրջանը: «Հերատ երգչուհին» ներկայացման բեմադրիչը գնացել է այլ ճանապարհով: Այստեղ մարդը մնում է մենակ՝ իր ընտրած ձևի, իր ստեղծած խաբկանքի հետ: Բեմադրիչի կարծիքով միայնությունն այս դարի ողբերգությունն է և ներկայացման իրենց մեկնաբանությունն էլ հենց դրա մասին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter