Հոկտեմբերից Մեծ Բրիտանիայում ուժի մեջ կմտնի նոր օրենք, որը սեռական և ծանր բռնության զոհերին թույլ կտա ինքնուրույն սահմանել իրենց հանդեպ հանցանք գործած անձանց տեղաշարժի արգելված գոտիները։ Daily Mirror-ի փոխանցմամբ՝ ծանր հանցագործությունների համար դատապարտվածները կգտնվեն շուրջօրյա GPS-հսկողության տակ, իսկ տուժողները կկարողանան ազդել այդ սահմանների վրա՝ քաղաքում ազատ ու անվտանգ տեղաշարժվելու համար:
Արդարադատության նախարար Ալեքս Նորիսն ընդգծել է, որ ոչ մի զոհ չպետք է վախենա իրեն վնասողի ստվերից, և իրենց արարքների հետևանքների պատասխանատվությունը պետք է կրեն օրինախախտները, այլ ոչ թե տուժածները: Ընդ որում, արգելված գոտիները կնախագծվեն այնպես, որ դատապարտյալները չզրկվեն անհրաժեշտ բժշկական և սոցիալական ծառայություններից։ Եթե հանցագործը հատի թույլատրված սահմանը, անմիջապես կվերադարձվի բանտ։
Այսպիսով, Մեծ Բրիտանիան դառնում է աշխարհում առաջին երկիրը, որը զոհերին ձայնի իրավունք է տալիս իրենց նախկին բռնարարների տեղաշարժի սահմանները որոշելիս։ Նախաձեռնությունն առայժմ փորձնական է, այն կվերանայվի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, իսկ արդյունավետությունը կգնահատվի ըստ խախտումների թվի և արդարադատության համակարգի նկատմամբ տուժածների վստահության մակարդակի:
