Կենտրոնը միայն բեռ է և ոստիկան, այն պետք է զրկվի հրապարակից. Տեր-Պետրոսյան

Կենտրոնը միայն բեռ է և ոստիկան, այն պետք է զրկվի հրապարակից. Տեր-Պետրոսյան

1991 թվականի օգոստոսի 18-21-ը ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը (ԳԿՉՊ-ն), «մեկուսացնելով» ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրեց։

Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով պահին ստեղծված իրավիճակն ու Հայաստանի դիրքորոշումը։

Radar Armenia-ն ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի օգոստոսի 23-ի համարում ԳԽ նախագահի հետ հարցուպատասխանը։

— «Դուք ռեակցիոն իշխանությունների երկու սոցիալական խմբեր նշեցիք։ Բայց, իմ կարծիքով, թեկուզ չգիտակցված, նրանց նեցուկ կարող էին լինել նաև այն մարդիկ, ովքեր հոգնել էին շարունակվող քաղաքական անորոշ վիճակից, սոցիալական անարդարություններից, նրանք, ովքեր ընդհանրապես ուժեղ ձեռքի կարիք են զգում։ Արդյո՞ք ես սխալվում եմ»։

Լևոն Տեր-Պետրոսյան — Կարծում եմ, որ իսկապես այդ պահը կա, երբ ազնիվ, աշխատասեր մարդիկ զուտ ծանր կենցաղային պայմանների բեռի տակ հոգնում են քաղաքականությունից։ Բայց մարդիկ երբեք ֆաշիզմին չեն ծառայի, նրա համար սոցիալական հենարան չեն դառնա։ Ավելին, վաղ թե ուշ նրանք կգրավեն ժխտողական դիրք նրա նկատմամբ։ Լյումպենը և նրա նախկին բյուրոկրատիան՝ ահա սրանք կդառնան «նոր իշխանությունների» հավատարիմ սյուները։

— Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ ոչ այնքան հեռավոր ապագայում նախագահ Գորբաչովը կամ հրաժարական կտա, կամ նրան կհեռացնեն իշխանությունից, և, եթե դա կատարվի, արդյո՞ք դա չի հանգեցնի նրան, որ Ռուսաստանը դառնա որոշակի զսպիչ, կենտրոնի ֆունկցիա կատարող ինչ-որ մի օղակ։

Լևոն Տեր-Պետրոսյան — Երբ ասում էի Գորբաչով, նկատի չունեի նրա անձը։ Ես նկատի ունեի այն սոցիալական բազան, որի արտահայտիչն է Գորբաչովը։ Դա կենտրոն կոչված մակաբույծն է։ Եթե իսկապես ստեղծվում է անկախ, իրավահավասար պետությունների համագործակցություն, ապա բոլորը գիտակցում են, որ այդ պետություններին կենտրոն պետք չէ։

Կենտրոնը միայն բեռ է և ոստիկան։ Եվ սա ևս մեկ անգամ ապացուցվեց։ Կենտրոնի վերացմամբ Գորբաչովի հարցերն էլ լուծվում են։ Կրկնում եմ՝ այստեղ կարևոր չէ Գորբաչովի անձը։ Կենտրոնը՝ որպես երևույթ, պետք է զրկվի հրապարակից։

— Կլինե՞ն արդյոք փոփոխություններ Հայաստանի քաղաքական օրացույցում. խոսքս սեպտեմբերի 21-ի հանրաքվեի և հոկտեմբերի 16-ի ընտրությունների մասին է։

Լևոն Տեր-Պետրոսյան — Անկախության հանրաքվեի և նախագահական ընտրությունների վերաբերյալ պետք է ասեմ, որ անգամ այսօր, երբ վիճակն այնքան էլ որոշ չէ, ոչ մի հարկ չկա վերանայելու այդ որոշումների անցկացման կարգը։ Հակառակը, այս երկու գործընթացները բնականոն հունով պետք է շարունակվեն։

— Թերթերում տպագրված նոր տեքստը, ըստ էության, չի տարբերվում նախկինից, պարզապես այստեղ անցում է կատարվում սոցիալիզմից կապիտալիզմի։ Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պայմանագրի հանդեպ այսուհետ։

Լևոն Տեր-Պետրոսյան — Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը պայմանագրի նկատմամբ հստակ էր, և այն արտահայտելու մի քանի առիթ ես արդեն ունեցել եմ։ Սակայն հեղաշրջումից առաջ դա այլ բան էր, իսկ այսօրվա փոխված իրավիճակում ես չեմ կարող հավաստել, որ մեր դիրքը կմնա նույնը։ Ըստ երևույթին, մեր վերաբերմունքի մեջ էլ վերանայումներ տեղի կունենան։

Մենք մերժել էինք այդ պայմանագիրը, բայց ընդունում էինք, որ ինչ-որ տարբերակների դեպքում հնարավոր է ընկերակից անդամակցությունը դաշինքին կամ, ասենք, պայմանագրի ժամանակավոր ստորագրումը և այլն։ Մենք տարբերակներ էինք փնտրում, որովհետև գուցեև մեզ հարկադրեին այդպիսի զիջումների գնալ։ Բայց ստեղծվել է նոր իրադրություն, և արդեն վստահ չեմ, որ այն, ինչ նախատեսված էր, կպահպանվի։

Օգոստոսի 20-ին Ռուսաստանը և մի շարք հանրապետություններ պետք է կնքեին պայմանագիրը, բայց հեղաշրջումից հետո, ինձ թվում է, նրանք նույնպես կվերանայեն իրենց դիրքորոշումները։

Միութենական պայմանագիրը դեռ երկար խոսակցությունների առիթ կտա։ Մասնավորապես, Ռուսաստանի խորհրդարանում խոսքեր հնչեցին, որ պետք է վերանայել իրենց վերաբերմունքը որոշ հանրապետությունների՝ Ադրբեջանի, Թուրքմենիայի, Տաջիկստանի նկատմամբ, որոնք փաստորեն աջակցություն էին հայտնել ստեղծված Արտակարգ իրավիճակի պետական կոմիտեին։

— Ինչպիսի՞ ծրագիր ուներ Հայաստանի իշխանությունը հեղաշրջումը հաջողելու դեպքում։ Ինչո՞վ է բացատրվում, որ արտակարգ կոմիտեի ստեղծումից հետո որոշ պահպանողականություն նկատվեց հանրապետական մամուլում։

Լևոն Տեր-Պետրոսյան — Մամուլին պետք չէ մեղադրել։ Ելնելով մեր այն դիրքորոշումից, որ անհրաժեշտ է զգուշորեն, ճաշակով գործել, բացարձակապես չտրվել կրքերի, որպեսզի չվտանգենք մեր ժողովրդին, ես հանդիպեցի պարբերականների ղեկավարների հետ և նրանց խնդրեցի միառժամանակ, որքան հնարավոր է, զուսպ լինել, մինչև իրավիճակի հստակեցումը՝ մի կողմ դնել քաղաքական սուր բանավեճերը, մեկնաբանությունները, չստուգված լուրերը և առայժմ բավարարվել պաշտոնական լրատվությամբ։ Եվ սա ըմբռնումով ընկալվեց մամուլի աշխատողների կողմից։

Ինչ վերաբերում է նրան, թե հեղաշրջման հաջողության դեպքում մենք ինչ ծրագրեր ունեինք և արդյո՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել էինք, պետք է ասեմ, որ այո՛։ Որպես իշխանություն՝ պատասխանատվություն զգալով մեր ժողովրդի առջև, մենք պետք է նախապատրաստվեինք նաև վատթարագույնին։

Թեև պաշտոնապես մենք զբաղեցրել էինք համեմատաբար զուսպ դիրք, որպեսզի անկորուստ կարողանանք դուրս գալ այս չափազանց վտանգավոր վիճակից, բայց ներքին կարգով մենք մեր համերաշխությունն էինք հայտնել Ռուսաստանի պայքարին։ Մասնավորապես՝ առաջին օրն իսկ մեր մի խումբ պատգամավորներ ուղարկվել էին Մոսկվա՝ Ռուսաստանի պատգամավորների հետ հարաբերություններ հաստատելու և մեր աջակցությունը նրանց հայտնելու համար։

Բացի այդ, Հայաստանից մի շարք քաղաքացիներ իրենց մասնակցությունն էին բերել նաև Ռուսաստանի խորհրդարանի պաշտպանության գործում։

Հիմա կարող եմ ասել, որ երկու օր առաջ մեր պաշտպանության կոմիտեն ընդունել էր գաղտնի որոշում և իր ամբողջ միջոցները բերել այնպիսի վիճակի, որը իրերի վատթարագույն զարգացման դեպքում հնարավորություն կտար վարելու քողարկված պարտիզանական պայքար։ Ստեղծվել էր գաղտնի ռադիոկայան՝ արտակարգ իրավիճակում հաղորդումներ վարելու համար։

Համապատասխան աշխատանք էր տարվել նաև քաղաքական կուսակցությունների հետ։ Մասնավորապես, ՀՀՇ-ն և Ռամկավար-ազատական կուսակցությունը թաքցրել էին իրենց կապի ու տեխնիկական միջոցները՝ անօրինական պայմաններում գործելու և շարժումը պահպանելու նպատակով։

— Պարոն նախագահ, ասացեք խնդրեմ, արդյոք այս երեք օրվա ընթացքում Հայաստանում եղա՞ն կազմակերպություններ, որոնք աջակցեցին արտակարգ կոմիտեի որոշումներին։

Լևոն Տեր-Պետրոսյան — Նրանք դրա ժամանակը չունեցան։ Վստահ եմ, որ եթե հեղաշրջումը մի քիչ ձգվեր կամ արագ հաղթեր, այդ ուժերը հրապարակ կգային։ Արդեն նշեցի, որ բոլոր կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները ըմբռնումով գնահատեցին Հայաստանի իշխանությունների գրաված դիրքը և ամեն ինչով նպաստեցին հանրապետությունում կայունության ապահովմանը։

Թեև ես հեղաշրջման մեջ մեղադրեցի ԽՄԿԿ-ին, բայց պետք է նշեմ, որ Հայաստանի կոմկուսը հանդես բերեց զսպվածություն և դրականորեն նպաստեց իշխանությունների դիրքի ամրապնդմանը։

Սակայն առանձին երևույթներ, համենայն դեպս, նկատվեցին, մասնավորապես՝ կոմունիստական կուսակցության նախկին պաշտոնեության, այսպես կոչված՝ տուժածների շրջանակներում։

Օգոստոսի 20-ին, օրինակ, տեղի է ունեցել Սպանդարյանի շրջկոմի նիստ՝ շրջկոմի քարտուղար Վլադիմիր Պետրոսյանի գլխավորությամբ, որտեղ որոշ կոմունիստներ առանձնակի ակտիվություն են ցուցաբերել։ Մասնավորապես, քաղխորհրդի նախագահի նախկին տեղակալ Բարկեն Վարդանյանը, Կամոյի շրջկոմի նախկին քարտուղար Վարդգես Ծաղիկյանը դժգոհ են եղել Հայաստանի կոմկուսի ղեկավարության գրաված պաշտոնական դիրքից, այսինքն՝ այն բանից, որ նրանք համագործակցում են իշխանությունների հետ։

Կրկնում եմ, այսպիսի մարդիկ շատ ավելի կակտիվանային, եթե հեղաշրջումը երկարաձգվեր, ինչը կարող էր չափազանց պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հայաստանում»։

Leave a Comment