Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
– Պարոն Գանտահարյան, ինչպես կմեկնաբանեք ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա փուլը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ աննախադեպ տնտեսական պատերազմի ու մեկուսացման մասին, սա ինչ ազդեցություն կունենա։
– Ռազմականից անցում է կատարվել տնտեսական աննախադեպ պատերազմի։ Պատժամիջոցների խստացման և, մանավանդ, Իրանի էներգիայի արտահանման տոտալ արգելքներով, ԱՄՆ-ը ձգտում է առավելագույն զիջումներն ստանալ Իրանից։ Ամբողջական պաշարումը կարող է հանգեցնել վառելիքի նոր կտրուկ աճի։ Չի բացառվում, սակայն, որ կողմերը հանկարծակի գնան Հորմուզի շուրջ համաձայնության․ դա չի ենթադրում խաղաղության համաձայնագիր։ Կլինի ժամանակավոր հանգրվան, որ առիթ կհանդիսանա բանակցությունների վերսկսման։
– Կարծես թե բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով։ Այստեղ կա առաջընթաց, թե՞ ոչ։
– Միջնորդները շարունակում են իրենց աշխատանքը, որպեսզի լայնածավալ տեսք չստանան ընդհարումները։ Հիմա արդեն տնտեսական սուր հակամարտություն է։ Իսկ տնտեսականը միայն Իրանին չէ, որ ազդում է, այլ տարածաշրջանին, անգամ համաշխարհային շուկային, ընդ որում՝ միջնորդներին, որոնք ուզում են անպայման հանգել գեթ Հորմուզի շուրջ ժամանակավոր համաձայնությանը։
– Այս իրավիճակում ինչպիսին է Իսրայելի դերը, որը նաև Սիրիային էր հարվածել վերջերս։
– Իսրայելը հարվածել էր սիրիական տարածքում թուրքական ռազմաբազայի։ Սա նոր հանգրվան է Իսրայել-Թուրքիա լարվածության։ Բայց դա չի նշանակում, որ կողմերը կգնան պատերազմի․ հակառակ հռետորաբանության, տեղեկատվական պատերազմին, անգամ ուժերի կուտակումին՝ ծովային թե ցամաքային տարածքներում, պատերազմը դեռ տեսանելի չէ երկու երկրների միջև։ Իսրայելն անհանգիստ է թուրքական առկայությունից սիրիական տարածքներում։ Իսկ Թուրքիան շահարկում է այդ անհանգստությունը Իրանի հետ կամուրջները ակտիվ պահելու․ թուրքական պատվիրակություն գալիս է Բեյրութ միջնորդելու պաշտոնական Բեյրութի և Հեզբոլլայի միջև։
– Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ինչպես կմեկնաբանեք՝ հաշվի առնելով վերջին հրթիռակոծությունները։
– Մաշեցնող պատերազմը շարունակվելու է․ կողմերը չեն գրանցում բեկումնային առաջխաղացք։ ՌԴ-ին այս պատերազմում ներգրաված պահելը Արևմուտքի ռազմավարական նպատակն է, ինչը կիրառվում է։
Արման Գալոյան
