Apple-ում ավելի քան 200 աշխատատեղ կկրճատվի․ Bloomberg – armeniatoday.am

Ամերիկյան Apple կորպորացիան ավելի քան 200 աշխատատեղ կկրճատի Siri ձայնային օգնականի, արհեստական բանականության (ԱԲ) և Vision Pro խառը իրականության ականջակալի մշակմամբ զբաղվող ստորաբաժանումներում, Bloomberg-ի հրապարակմանը հղումով հայտնում է ՌԲԿ-ն։

Մոտ 100 հաստիք կկրճատվի Vision Pro-ի հետ կապված թիմերում, ևս մոտ 100-ը՝ Siri-ով և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ստորաբաժանումներում։

Մասնավորապես, Apple-ը գրեթե ամբողջությամբ կփակի ականջակալի համար խաղեր ստեղծող թիմը և կկրճատի դրա համար ներկայության էֆեկտով 3D տեսանյութեր թողարկող աշխատակիցների թիվը։

Siri-ի թիմում կրճատումները կապված են ԱԲ ֆունկցիաներով ձայնային օգնականի նոր տարբերակի մշակման հետ։

Apple-ը փոխում է Siri-ի տեխնոլոգիական հիմքը, ինչի պատճառով ընկերությանն այլ հմտություններով մասնագետներ են անհրաժեշտ։

Գործող հաստիքների մի մասը կկրճատվի, միևնույն ժամանակ կստեղծվեն նորերը։

Ընկերությունը նաև վերակազմավորում է այն ստորաբաժանումը, որը պատասխանատու է Apple-ի սարքերի հավելվածներում և ֆունկցիաներում ԱԲ-ի ներդրման համար։

Bloomberg-ը նշում է, որ սա պայմանավորված է նրանով, որ ավելի ու ավելի շատ թիմեր են ինքնուրույն օգտագործում ԱԲ տեխնոլոգիաներն ընկերության ապրանքների մշակման ժամանակ։

Vision Pro-ի պարագայում Apple-ը որոշել է կրճատել 3D տեսանյութերի սեփական արտադրությունը։ Նման հոլովակների Նկարահանման համար պահանջվում է նկարահանող մի քանի խումբ, իսկ մեկ դրվագի արտադրությունը կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար։ Ընդ որում, ականջակալը սահմանափակ պահանջարկ ունի։ Այժմ ընկերությունը ծրագրում է ինքնուրույն ավելի քիչ բովանդակություն թողարկել և դրա ստեղծման համար ներգրավել երրորդ կողմի ընկերությունների։
Apple-ը հայտարարել է, որ վերակազմավորման շրջանակում նոր հաստիքներ կստեղծվեն, թեև գործող աշխատատեղերի մի մասը կկրճատվի։

Ընկերությունը նաև աշխատակիցներին այլ պաշտոնների անցնելու հնարավորություն կառաջարկի։
«Մենք շնորհակալ ենք այս աշխատակիցներին իրենց ներդրման համար և հանձն ենք առնում աջակցել նրանց ամբողջ անցումային շրջանում, ներառյալ Apple-ում այլ հաստիքների համար հայտեր ներկայացնելու հնարավորությունը», — նշել են կորպորացիայում։

Ավելի վաղ՝ հունվարին, Bloomberg-ը հայտնել էր, որ Apple-ը ծրագրում է 2026 թվականի վերջին ներկայացնել Siri-ի թարմացված տարբերակը՝ արհեստական բանականության ֆունկցիաներով։

Campos ծածկանունով նոր օգնականը պետք է դառնա լիարժեք չաթ-բոտ, որն ունակ է բովանդակալից երկխոսություն վարել, տեղեկատվություն փնտրել համացանցում և բարդ առաջադրանքներ կատարել։

Դրա մշակման համար Apple-ը համագործակցում է Google-ի հետ և օգտագործում Gemini թիմի տեխնոլոգիան։

Leave a Comment