Դատախազության միջնորդագրով Աշոցք համայնքին է վերադարձվել 4,7 մլն դրամ արժողությամբ 7.5 հա ապօրինի օտարված հողատարածք

Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում, ուսումնասիրություն է իրականացրել Աշոցք համայնքում:

Պարզվել է, որ Աշոցք գյուղի նախկին գյուղապետ և համայնքի նախկին ղեկավար Ա.Ա.-ն 2009 թվականին օրենքի խախտմամբ կազմակերպել է աճուրդ: Արդյունքում՝ համայնքին պատկանող 5,43 հա մակերեսով խոտհարքը և 2,08 հա վարելահողը (ընդհանուր՝ 7,51 հա) 25 տարի ժամկետով վարձակալության էին տրամադրվել ֆիզիկական անձի: Կադաստրային գործի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աճուրդն անցկացվել է օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերված ապօրինությունների հիման վրա Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Աշոցք համայնքի գործող ղեկավարին՝ հողամասերի ապօրինի տիրապետումը դադարեցնելու պահանջով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում (ըստ Կադաստրի կոմիտեի 2026 թվականի օգոստոսի 20-ի տեղեկանքի) ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքը դադարեցվել է։ 4 միլիոն 768 հազար դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7,51 հա հողատարածքները վերադարձվել են Աշոցք համայնքի տիրապետմանը:

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment