Շվեդիայի Ֆագերստա քաղաքի «Բրինել» ավագ դպրոցում 18-ամյա երիտասարդը սրով հարձակվել է աշակերտների վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ ողբերգական միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Արյունալի հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ մոտ 13 հազար բնակչություն ունեցող քաղաքի դպրոցը նոր էր վերսկսել դասերը ամառային արձակուրդներից հետո։ Որոշ աշակերտների համար սա նոր ուսումնական տարվա առաջին օրն էր։
Տեղի ոստիկանապետ Թոմի Ալրիկսոնի խոսքով՝ իրավապահներն օպերատիվ կերպով ժամանել են 450 աշակերտ ունեցող ուսումնական հաստատություն։ Ոստիկանները հրազենով վիրավորել են 18-ամյա կասկածյալին և ձերբակալել նրան՝ սպանության կասկածանքով։
