1991 թվականի օգոստոսի 18-21-ը ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարությունը (ԳԿՉՊ-ն), «մեկուսացնելով» ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, ԽՍՀՄ-ում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրեց։
Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով պահին ստեղծված իրավիճակն ու Հայաստանի դիրքորոշումը։
Radar Armenia-ն ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի օգոստոսի 23-ի համարում Տեր-Պետրոսյանի ասուլիսից հրապարակված հատվածները.
«Նախ ուզում եմ շնորհավորել բոլորին ժողովրդավարության տարած հաղթանակի առթիվ,— ներածական խոսքում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։
— Իհարկե, այսօր դժվար է լիովին գնահատել տեղի ունեցածը։ Նրա պատճառները, նպատակներն ու մեթոդներն ակնհայտ են, սակայն այն հետևանքները, որոնք այսօր մեր առջև ուրվագծվում են հեղաշրջման տապալումից հետո, լուրջ ուսումնասիրության կարիք են զգում։
Համոզված եմ, որ կատարվածից հետո Խորհրդային Միությունում, գուցեև ողջ աշխարհում, ստեղծվել է մի նոր պատմական իրավիճակ, որը, թերևս, հարկադրի մեզ լիովին վերանայել մեր ապագայի ծրագրերը։ Սակայն, կրկնում եմ, այսօր դեռևս վաղ է նման լուրջ հետևություններ կատարելը, որովհետև մենք պատասխանատու ենք մեր ազգի և ողջ աշխարհի առջև, ու դրա համար պետք է լրջորեն մշակենք մեր հետագա քաղաքականությունը։
Իրադարձության գնահատականը միանշանակ է. դա ռազմական հեղաշրջում էր, պետական հանցագործություն։ Գործող ուժերը նույնպես հայտնի են՝ ԽՄԿԿ ղեկավարությունը, կոմկուսի ողջ պահպանողական ուժերը, ԽՄԿԿ-ի պատժիչ մեքենան՝ բանակը, պետական անվտանգության կոմիտեն, ներքին գործերի ուժերը, վարչահրամայական ապարատը՝ հանձին Պավլովի գլխավորած կառավարության, և ռազմաարդյունաբերական համալիրի մի զգալի մասը։
Մենք լսեցինք հեղաշրջման պարագլուխների ելույթները, նրանց դեմագոգիան, բայց կարծում եմ՝ բոլորս էլ համոզվեցինք, որ այդ ուժերը երկիրը ճգնաժամից դուրս բերելու որևէ լուրջ ծրագիր չունեն։ Ինձ համար առնվազն ակնհայտ է, որ նրանց իդեալը մնում է բրեժնևյան վարչակարգը։ Լավագույն դեպքում նրանք կարող էին վերականգնել այն, ինչ գոյություն ուներ Բրեժնևի օրոք։ Լավագույն դեպքում, որովհետև մինչ այդ նրանք դեռևս պետք է անցնեին ստալինիզմի ճանապարհով։ Բավական է տեսնել, թե ովքեր էին ղեկավարում այդ հեղաշրջումը, և բոլորս էլ կհամոզվենք, որ դրանք բրեժնևյան վարչակարգի ամենահավատարիմ ծառաներն են եղել։
Այսպիսով, սոցիալ-քաղաքական տեսակետից՝ նպատակը բրեժնևյան վարչակարգի վերահաստատումն էր, իսկ գաղափարախոսության առումով՝ փլուզվող կայսրության վերականգնումը։
ՌԽՖՍՀ խորհրդարանի նիստում հռետորներից մեկը շատ դիպուկ հեղաշրջումը բնութագրեց որպես ազգային-սոցիալիստական, այսինքն՝ ֆաշիստական։ Դա նացիզմ էր, ազգային սոցիալիզմ, ուր սոցիալիզմը պարզապես հանդես է գալիս որպես շղարշ՝ բուն կայսերապետական գաղափարախոսությունը քողարկելու համար։
Շատերը հարց էին տալիս, տարակուսում, թե հեղաշրջման հաջողության դեպքում ո՞ւմ վրա պետք է հենվեին այդ ուժերը։ Իհարկե, բոլորս էլ գիտեինք, որ վաղ թե ուշ նրանք պետք է ձախողվեին, բայց երկիրը ներքաշելով շատ ծանր վիճակի մեջ, ըստ երևույթին, արյան գետեր հեղելով, վերականգնելով խորհրդային համակենտրոնացման ճամբարը և այլն։ Սակայն պարզ է, որ ցանկացած իշխանություն պետք է ունենա սոցիալական բազա։ Այդ դեպքում ո՞ւմ վրա պետք է հենվեին այդ ուժերը։
Կարծում եմ, որ նրանք կգտնեին շատ հզոր սոցիալական բազա։ Եվ եթե մի փոքր ավելի վճռական լինեին, կարող էին հաջողության հասնել, որովհետև հասարակության մեջ կան շատ խավեր, որոնց ձեռնտու էին արտակարգ իրավիճակի կոմիտեի ձեռնարկումները։
Այդ սոցիալական բազայի հիմքը նախկին կուսակցական-տնտեսական բյուրոկրատիան է, որը այսօր էլ, թեև հեռացված է իշխանության հիմնական լծակներից, սակայն իշխանության ներքին և միջին օղակներում զբաղեցնում է չափազանց ազդեցիկ դիրք՝ ինչպես ողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ Հայաստանում։
Երկրորդ խավը, որի վրա կարող էին հույս դնել հեղաշրջման կազմակերպիչները, կենցաղային դժվարություններից չարացած լյումպեն զանգվածներն էին։ Այս երկուսի գումարը ցույց է տալիս, որ հակահեղափոխականներն ունեին լուրջ սոցիալական հենարան։
Այժմ հեղաշրջման պատճառների մասին։ Ակնհայտ է, որ բրեժնևյան բյուրոկրատիան առայժմ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել իր պարտության մտքի հետ և, ինչպես ցույց տվին դեպքերը, պատրաստ է նույնիսկ ֆաշիստական հեղաշրջման միջոցով վերականգնել իր դիրքերը։ Սա է զուտ սոցիալական դրդապատճառը, որի պաշտպանները մեր հասարակության մեջ կազմում են մի հզոր շերտ։
Եթե հիշում եք՝ Խորհրդային Միությունում հաշվվում էր 20 միլիոնանոց բյուրոկրատիա, ընտանիքներով հաշված՝ մոտ 60-70 միլիոն մարդ, որոնք օգտվում էին այն բոլոր բարիքներից, որ նրանց ընծայում էր կոմունիստական վարչակարգը։ Իսկ 60-70 միլիոնանոց իշխող վերնախավը հրապարակից հանելը հեշտ գործ չէր։ Սա հարցի սոցիալական կողմն է։
Բայց կա նաև չափազանց վտանգավոր մի գաղափարախոսություն, որը նույնպես դեռևս չի ուզում զիջել իր դիրքերը։ Դա ռուսական կայսերապետությունն է, իմպերիական գաղափարախոսությունը։ Եվ, դժբախտաբար, այդ գաղափարախոսությունը ռուսական հասարակության զգալի շերտերում դեռևս իշխում է որպես տիրապետող գաղափարախոսություն։
Եվ երրորդ, թերևս, ամենակարևոր պատճառը Գորբաչովի անհեռատես քաղաքականությունն է, եթե չասեմ ավելի խիստ՝ նրա հանցավոր մեղսակցությունը այս հեղաշրջմանը։
Իհարկե, ես չեմ հավատում այն խոսակցություններին, բամբասանքի մակարդակի լուրերին, որ իբր հեղաշրջումը կազմակերպված էր Գորբաչովի կողմից, որ դա նրա սցենարով էր ընթանում և այլն (Լուկյանովն այդ մասին նույնիսկ բացահայտ խոսեց)։ Սակայն դա այնքան էլ կարևոր չէ, որովհետև բոլոր պարագաներում ամենամեծ մեղքը բաժին է ընկնում Գորբաչովին։
Դրա վկայությունն են՝ նրա անհետևողականությունը, անվճռականությունը, զուտ զիջումները աջ ուժերին, վերջիններիս սանձարձակությունների, անօրինականությունների հանդուրժումն ու խրախուսումը։ Հիշենք Սումգայիթը, Բաքուն, Թբիլիսիի, Լիտվայի արյունահեղությունները։
Հիշենք վերջին դեպքերը, երբ թվում էր, թե Գորբաչովը արդեն լիովին կատարել է իր ընտրությունը հօգուտ ժողովրդավարական ուժերի, ազատ տնտեսության ու ազատ շուկայի, երբ նախապատրաստվում էր միութենական պայմանագիրը, կերտվում էր Միության ապագան, և հենց այդ ժամանակ, ընդամենը տասնյոթ օրում՝ ապրիլի 20-ից մինչև մայիսի 17-ը, Գորբաչովը նույն ուժերի՝ Կրյուչկովի, Պուգոյի, Յազովի միջոցով թափեց տասնյակ հայ քաղաքացիների արյունը։
Ընդամենը տասնյոթ օրում զոհվեց 70 հայ, և դրա մասին ոչ ոք չիմացավ։ Իհարկե, եղան ժողովրդավարներ, մարդասերներ, որոնք իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին, փորձեցին օգնել մեզ (առաջին հերթին ես նկատի ունեմ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորներին), բայց նույն այն ժողովրդավարները, որոնք այսօր հայտարարություն են կատարում, որ ֆաշիստական հեղաշրջում է տեղի ունեցել, այն ժամանակ, չգիտես թե ինչու, անտարբեր էին մեր ողբերգության նկատմամբ։
Բերեմ մի փաստ։ Այդ օրերին էր, որ Հայաստանի Գերագույն խորհուրդը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ պահանջելով հրավիրել արտահերթ համագումար՝ քննելու համար հայ ժողովրդի դեմ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ականների կողմից սանձազերծված անօրինականությունները։ Եվ Գերագույն խորհուրդը, նույն ժողովրդավար պատգամավորների հետ միասին, կարելի է ասել, համարյա միաձայն մերժեց Հայաստանի պահանջը։
Այդ ժամանակ էր, որ Հայաստանը պաշտոնապես դատի տվեց Պուգոյին և պահանջեց նրան ենթարկել քրեական պատասխանատվության, բայց Մոսկվայում քմծիծաղով ընդունեցին մեր պահանջը։ Եվ ահա այսօր Պուգոն ինքնասպանության փորձ է անում։
Կրկնում եմ՝ հեղաշրջումը կատարվեց այն ուժերի կողմից, որոնց վրա վեց տարի շարունակ հենվել է Գորբաչովը։ Դրանք իր մարդիկ են, իրեն հավատարիմ ծառայած մարդիկ, իր հետ միասին անմեղ արյան մեջ մեղսակից մարդիկ։
Հեղաշրջման մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Արևմուտքը։ Արևմտյան երկրների ղեկավարները, թեև այս վերջին երեք օրերին գրավեցին սկզբունքային դիրք, գուցեև որոշ չափով օգնեցին Խորհրդային Միության ժողովրդավար ուժերի հաղթանակին, բայց Գորբաչովի նկատմամբ դրսևորած նրանց անվերապահ վստահությունը, այն փաստի անտեսումը, որ Խորհրդային Միության մեջ, բացի կենտրոնից, առաջացել են արդեն նոր, իրական քաղաքական ուժեր՝ հանձինս հանրապետությունների, որոնց հետ պետք է հաշվի նստել, բթացրին Գորբաչովի զգոնությունը և ռեալիզմի զգացումը։
Արևմուտքը փաստորեն շփացրեց Գորբաչովին, նրան երբևէ չզգուշացրեց այնպիսի վտանգներից, որոնց առջև մենք, ահա, կանգնեցինք, և դրանով որոշ չափով նպաստեց տեղի ունեցած հեղաշրջման նախապատրաստմանը։
Ամփոփելով վերը ասվածը՝ հարկադրված եմ նշել, որ Գորբաչովը ոչ թե հեղաշրջումն իրագործած ուժերի զոհն է, այլ այդ ուժերը Գորբաչովի աշակերտներն են։ Այսպիսով, նա պետք է հավասարապես պատասխան տա կատարված պետական հանցագործության համար և չպետք է տիրի այն դափնիներին, որոնց արժանի է միայն ու միայն Բորիս Ելցինը։
Մի քանի խոսք Հայաստանի իշխանությունների՝ այս երեք օրերի ընթացքում գրաված դիրքի մասին, ինչը ձեզ ընդհանուր առմամբ հայտնի է։
Մեր ժողովուրդն ունի վտանգի չափազանց խոր զգացում, շատ առողջ բնազդ, ինչին, իհարկե, օգնել է պատմության դառը դասը, մանավանդ վերջին 4 տարիների մեր ճակատագիրը, երբ Հայաստանը դարձել էր խորհրդային ֆաշիզմի փորձադաշտ։ Եվ այդ փորձադաշտից արդեն ստուգված փորձը, ի վերջո, տեղափոխվեց Մոսկվա։ Սա պետք էր կանխատեսել։ Մոսկվան դա վաղուց պետք է գիտակցեր։
Արհավիրքի այս պատասխանատու պահին հայ ժողովրդի բոլոր ուժերը, բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու կուսակցությունները ցուցաբերեցին առողջ գիտակցություն, զգոնություն, զգաստություն և կարողացան ազգային շահը վեր դասել ամեն տեսակ շահերից։ Սա ես նշում եմ մեծ գոհունակությամբ և ուրախությամբ։
Հայտնի է, որ թեև խաղաղ պայմաններում մենք կարող ենք իրար նկատմամբ անհանդուրժող լինել, շատ անգամ հանրային շահը մոռանալով՝ առաջնորդվել միայն ու միայն խմբային, անձնական նկատառումներով, բայց վճռական պահերին մեր ժողովուրդը գիտի հավաքվել, զգալ վտանգը։
Սա փաստվել է բազմիցս։ Առաջին անգամ, որ բոլորիս համար անակնկալ էր, այդ հատկությունը հայ ժողովուրդը դրսևորեց լիբանանյան երկարատև ճգնաժամի տարիներին, երբ մի կողմ դրվեցին կուսակցական հակասությունները, և Լիբանանի հայ համայնքը փրկվեց մահացու վտանգից։ Այսպիսի օրինակներ մեր ժողովուրդը տվել է նաև վերջին երեքուկես տարիների ազգային-ազատագրական պայքարի մի քանի հանգրվաններում, իսկ ամենամեծ ապացույցը տվեց ահա այս վերջին հեղաշրջման օրերին։
Մեր ժողովրդի արձագանքին համապատասխան՝ գործեցին նաև հանրապետության իշխանությունները։ Հայաստանի ընտրյալ իշխանությունների դիրքորոշումը՝ պետականության պահպանման և հանրապետության սոցիալ-քաղաքական իրավիճակի կայունության ապահովման վճռական դիրք էր՝ հասկանալով, որ մենք իրավունք չունենք վտանգելու մեր ժողովրդին, գիտակցելով, որ հարվածը կարող է ուղղվել անմիջապես մեր դեմ, որովհետև մեր արյանը աշխարհն ու Խորհրդային Միությունն արդեն վարժված են։
Այստեղ տասնյակ, կարող էին հարյուրավոր մարդկանց արյուն թափել, գյուղեր տեղահանել, և դա ոչ ոք չէր նկատի։ Իսկ մեզ մոտ Մոսկվայի չորս զոհը աշխարհը նկատեց։ Կարող էին կատարվել դեպքեր, որոնք հետո, տասնյակ տարիների ընթացքում, հնարավոր չէր լինի շտկել։ Պատկերացրեք, որ այս թոհուբոհի մեջ Ղարևաբաղում ևս քսան հայկական գյուղ դատարկեին։ Դրանից հետո մենք կկանգնեինք փաստի առջև և, տարիների ընթացքում, ըստ երևույթին, չկարողանայինք վերականգնել այդ կորուստը։
Ստույգ տվյալներով Հայաստանը մտնում էր այն հանրապետությունների մեջ, որտեղ ծրագրված էր մտցնել արտակարգ դրություն։ Արդեն օգոստոսի 19-ին Մոսկվայից ստացանք հավաստի լուր, որ հաջորդ օրը Երևան է ժամանելու տասը գեներալ։ Նրանք իրոք հաջորդ օրը Երևան են ժամանել՝ արտակարգ լիազորություններով, ընդ որում՝ որպեսզի ստանձնեն արտակարգ իրավիճակի տնօրինությունը Հայաստանում։
Ես հանդիպում ունեցա նրանց հետ։ Սկզբում նրանք զգուշ էին, զգում էին, որ Հայաստանում իրավիճակը կայուն էր, նորմալ։ Նրանց ասվեց, որ ցանկացած դեպքում բոլորին էլ ձեռնտու է, որ Խորհրդային Միության մեջ որքան հնարավոր է շատ շրջաններում հանգստություն տիրի։ Եվ հանուն մեր ժողովրդի, դա մենք կատարում ենք ոչ թե իրենց համար, այլ մեր ժողովրդի, հանուն այն բանի, որ անկորուստ դուրս գանք այս փորձանքից։
Այս առումով, գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում տեղաբաշխված զինվորականների վերաբերմունքը նույնպես ըմբռնումով ընդունվեց։ Նրանք նույնիսկ պակասեցրին իրենց շարժերը։
Ստեղծված իրարանցման շրջանում ադրբեջանցիները ցույց էին տվել ակտիվ գործողությունների ձգտում։ Հեղաշրջումից առաջ, մայիս ամսին, ինքնապաշտպանության մարտիկների կողմից Շահումյանի շրջանում, Վերիշենի մոտ, գրավվեցին երեք կորցրած գյուղերը։ Նախ բանակը ետ քաշվեց, այնուհետև Ադրբեջանը փորձեց նորից այն վիճակից դուրս հանել, որտեղ երկու օր լուրջ մարտեր էին տեղի ունենում։
Ըստ ստույգ տվյալների՝ Ադրբեջանը փորձեց Վերիշենի հայ բնակչությանը դուրս հանել, գործողություններին մասնակցում էին զրահամեքենաներով զինված ուժեր, որոնք երկու օր շարունակ գնդակոծում էին Վերիշեն գյուղը։
Օգոստոսի 20-ին մեզ հաջողվեց դադարեցնել ռմբակոծությունը։ Նույնիսկ երեկ, երբ արդեն պարզ էր, որ հեղաշրջումը տապալված է և նրա պարագլուխները ձերբակալման վտանգի տակ են, զինվորականները նորից հարձակում սկսեցին։ Մեր չորրորդ բանակի 28-րդ դիվիզիան գիշերը գյուղը գնդակոծել է։ Բարեբախտաբար, Վերիշենի վրա սկսված հարձակումը դադարել է։ Ամբողջ գյուղը ենթարկվել է ծանր հրետակոծության, կան վիրավորներ (որոնցից մեկը՝ ծանր), կան քանդված տներ։
Հիմա կարծես թե հարձակումը դադարել է։ Պետք է նշեմ նաև, որ նրա վրա արձակվել է մեկ արկ։
Ահա այսպիսի պայմաններում, երբ զինվորականների հետ պայմանավորվածությամբ անհրաժեշտ էր անդառնալի կորուստներից խուսափել, երբ Ղարաբաղում ու Շահումյանում հնարավոր կորուստներ չունեինք, մենք իրավունք չունեինք այլ դիրք գրավելու, քան այն, որը գրավեցինք։ Եվ սա ըմբռնումով ընկալվեց և՛ նախագահությունում, և՛ կառավարությունում, և՛ բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպությունների, և՛ ողջ ժողովրդի կողմից։
Վերը ասվածը, անշուշտ, դեռ ընդամենը կատարվածի նախնական, լուրջ ուսումնասիրության և վերլուծության կարիք ունեցող գնահատական է, մանավանդ՝ մեր քաղաքականության հեռանկարների առումով։ Հեղաշրջման լույսի տակ շատ հարցեր ստացան իրենց պատասխանը, և մեզ մոտ շատ մարդիկ իրենց մոտեցումները թե՛ միութենական պայմանագրի, թե՛ մեր ազգային կողմնորոշումների վերաբերյալ պետք է վերանայեն։
Մենք պետք է անմիջապես դադարեցնենք միութենական պայմանագրի վերաբերյալ վերապրոֆեսորական-պարզունակ քարոզչական դասախոսությունները։ Ինչպիսի՞ վերականգնում։ Միության վերականգնումը, ուր ամեն րոպե հնարավոր էր ստալինիզմի և ֆաշիզմի վերականգնում։
Եվ կգտնվի՞ մի մարդ, որը կողմ կքվեարկի միութենական պայմանագրի ստորագրմանը։ Մենք մեր ապագան չենք կարող վստահել մի երկրի, որտեղ ամեն րոպե հնարավոր է ֆաշիստական հեղաշրջում»։
