Գլազևը առաջարկել է դրոնային և հրթիռային ամեն մի հարվածի դիմաց «ոչնչացնել հակառակորդի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտները՝ անկախ դրանց ազգային պատկանելիությունից և տեղաբաշխման աշխարհագրությունից», քանի որ «խնդիրը շատ պարզ է, կամ նրանք կմասնատեն Ռուսաստանը, կամ մենք կխորտակենք նրանց»։ Նկատի ունենալով հեղինակի պաշտոնական կարգավիճակը, կարելի է ասել, որ Գլազեւը հրապարակայնացրել է այն, ինչ քննարկվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության «կողասրահներում»։
Ուշագրավ է, որ գրեթե համաժամանկյա տարածվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիսլիցայի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատերազմը դադարեցնելու մասին բանակցություններ վարել չի ցանկանում, իսկ ցրտերն սկսվելու հետ առավել ևս չի ցանկանալու, քանի որ կարծում է, թե ուկրաինացիները ձմեռը վերապրել չեն կարող»։ Նա կանխատեսել է, որ այդ վիճակը կձգվի մինչև առնվազն եկող տարվա մարտի կեսերը։
Կիսլիցան խոստովանել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի Կիև այցը «մի քանի անգամ հետաձգվել» է, ինչից հասկացվում է, որ պատճառը Ռուսաստանի նախագահի անզիջում կեցվածքն է: Վաշինգտոնը չի կարող կողմերից մեկի հետ կարգավորման առաջարկություններ քննարկել, եթե մյուսը դրանք ապրիորի մերժում է։
Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետական քարտուղար Գլազևը, ըստ էության, Ուկրաինայի եվրոպական դաշնակիցներին «կանխարգելիչ հարվածների» սպառնալիք է փոխանցել։ Կարելի է ենթադրել,որ Մոսկվան «պարզապես քարոզչական հնարք է կիրառել»՝ ակնկալելով, որ եվրոպական երկրներում հանրությունը իշխանություններից կպահանջի դադարեցնել Ուկրաինային աջակցությունը և այդ կերպ ապահովագրվել «ռուսական վրեժխնդրությունից»։ Միաժամանակ, իհարկե, չպետք է բացառել, որ Ռուսաստանը խոսքից կարող է անցնել գործի և պատերազմի աշխարհագրությունը ընդլայնել։
Ըստ երևույթին, այդ առթիվ որեւէ սկզբունքային հայտարարություն ՌԴ նախագահ Պուտինը կանի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի հարթակից։ Եթե, իհարկե, օգոստոսի 31- ին կամ սեպտեմբերի 1-ին նրա և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը կայանա։
Կարդացել են
անգամ