ԵՄ-ն և ՄԱԿ-ը Հայաստանում օդի որակի բարելավման ծրագիր են մեկնարկել – armeniatoday.am

Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի գործընկերներն ու ՀՀ կառավարությունը մեկնարկել են «Մաքուր օդ՝ Հայաստանում առողջության և կանաչ աճի համար» (EU4Clean Air in Armenia) ծրագիրը, հայտնել է ԵՄ-ի հայաստանյան ներկայացչությունը։

Ծրագրի բյուջեն 2 մլն եվրո արժե, որը համատեղ ֆինանսավորել են ԵՄ-ն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը (UBA)։

Ծրագիրը կտևի երեք տարի, որի ընթացքում նախատեսվում է արդիականացնել և ընդլայնել օդի որակի մոնիթորինգի ազգային ցանցը, օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աջակցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Քաղաքացիների համար օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը բարձրացնելու նպատակով կստեղծվեն հատուկ պորտալ և բջջային հավելվածներ:

Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը 2020 թվականին հիշեցրել էր, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքը դեռևս 2017 թվականին ստորագրված CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) համաձայնագիրն է: Նրա դրույթների 80%-ի իրացումն սկսվել է 2018 թվականին։ Ադոնցի խոսքով՝ այս փաստաթուղթը Երևան-Բրյուսել հարաբերությունների յուրօրինակ սահմանադրությունն է։

Leave a Comment