Հորմուզի նեղուցով մեկ օրում ընդամենը 7 նավ է անցել – armeniatoday.am

Օգոստոսի 20-ին Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը յոթ բեռնատար նավ՝ նախորդ օրվա համեմատ երկու անգամ պակաս, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։

Յոթ նավերից չորսը մտել են նեղուց, իսկ երեքը՝ դուրս եկել։ Դրանց թվում չեն եղել գերխոշոր նավթատարներ կամ հեղուկացված բնական գազ տեղափոխող նավեր։ Միաժամանակ, իրանական երթուղով նեղուցից դուրս է եկել պրոպան և բութան տեղափոխող մեկ խոշոր գազատար նավ։

Reuters-ը նշում է, որ անջատված հաղորդիչներով նավերը Kpler-ի տվյալներում չեն ներառվում։

Kpler-ի տվյալներով՝ հունիսի 7-ից հուլիսի 7-ը Հորմուզի նեղուցով օրական միջինում անցել է շուրջ 45 նավ։ Ռազմական գործողությունների վերսկսումից հետո ցուցանիշը նվազել է մինչև մոտ 13 նավ՝ շուրջ 70 տոկոսով։ Հուլիսի 21-ին գրանցվել էր ինը անցում, իսկ օգոստոսի 20-ին՝ մինչև 7։

Հորմուզի նեղուցով անցնող նավերի մեծ մասը տեղափոխվել է Իրանի սահմանած երթուղի։ Kpler-ի տվյալներով՝ հուլիսի 15-22-ը Հորմուզի նեղուցով անցած նավերի շուրջ 90 տոկոսն օգտվել է իրանական, իսկ 10 տոկոսը՝ օմանական երթուղուց։ Հունիսի 7-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում այդ հարաբերակցությունը համապատասխանաբար 60 և 40 տոկոս էր։

Kpler-ի օգոստոսի 19-ի տվյալներով՝ Օմանի հարավային երթուղով նավերի անցումների թիվը երկրորդ շաբաթում հասել էր 48-ի, սակայն չորրորդ շաբաթից հետո, նավերի վրա հարձակումների հետևանքով, գրեթե դադարել էր։ Հուշագրի գործողության վերջին շաբաթում անցումների ավելի քան 80 տոկոսի երթուղին չի նույնականացվել, իսկ Պարսից ծոց մուտք գործող դատարկ նավերի թիվը նվազել է՝ հասնելով օրական մոտ երկուսի։

Օգոստոսին Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցությունները փակուղի էին մտել: Իրանական կողմը միաժամանակ պնդել էր, որ նեղուցը կմնա փակ մինչև պայմանների կատարումը։Հորմուզի նեղուցն աշխարհում էներգակիրների փոխադրման առանցքային ուղիներից է․ դրանով տեղափոխվում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդը։

Leave a Comment