«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում ավելի վաղ առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դեմ էին քվեարկել և Ֆարմանյանն արդյունքում չէր ընտրվել։
Օգոստոսի 20-ին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրել էր, որ նշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
Մանուկյանն իր ելույթում հայտնել էր, որ այսօր կա հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանի խորհրդարանը հասունանում է որպես իրական վերահսկողության ինստիտուտ։
«Շատ ժողովրդավարական խորհրդարաններում հենց ամենազգայուն հանձնաժողովների ղեկավարումը վստահվում է ընդդիմությանը»,- տեսակետ է հայտնել թեկնածուն և հավելել, որ ժողովրդավարությունը մեծամասնության պատրաստակամությունն է՝ թույլ տալու իրեն վերահսկել։
Մանուկյանը կոչ է արել բոլոր գործընկերներին աջակցել այն սկզբունքին, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերապահվի ընդդիմադիր պատգամավորի։
Անդրադառնալով հենց իր թեկնածության առաջադրմանը՝ զեկուցողը նշել է, որ թեև իր կրթական ուղին այլ էր, սակայն մասնագիտական գործունեության ընթացքում երկար տարիներ աշխատել է ֆինանսների, տնտեսության և ֆինանսական կառավարման ոլորտում։
Օգոստոսի 20-ին ԱԺ-ն ընտրել էր 12 մշտական հանձնաժողովից 9-ի նախագահներին․ 8-ը ՔՊ-ից են, մեկը՝ «Հայաստանից»։ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած երեք թեկնածուները՝ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը չէին ստացել անհրաժեշտ թվով ձայներ։