Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որպես չեզոք միջնորդ ներգրավվել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ…
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է որպես չեզոք միջնորդ ներգրավվել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է համապատասխան դիմում, ինչպես նաև հարցի համաձայնեցում ներգրավված կողմերի հետ։
«Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է Ամատունին։
Նա նաև նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, այդ թվում՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։
Քանի որ Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակություն այլևս չկա, այդ երկխոսությունն այժմ իրականացվում է կազմակերպության գլխավոր գրասենյակի մակարդակով։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ։