«Սրբազան պայքարի» գործով պաշտպանները ՄԱԿ-ի փորձագետներին լրացուցիչ փաստարկներ և հակափաստարկներ կուղարկեն, իսկ 2024-ի հունիսյան ցույցերի դեպքերով փաստահավաք խումբ կստեղծեն, հայտնել են գործով փաստաբաններ Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը։ Նրանց և «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրրատ սրբազանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաստաբաններն արձագանքել են ՄԱԿ-ի վեց մանդատակիրների և Հայաստանի կառավարության միջև հրապարակված պաշտոնական նամակագրությանը։ ՄԱԿ-ի փորձագետները հարցեր էին ուղղել Երևանին՝ կապված 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ուժի կիրառման, ինչպես նաև Գալստանյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածների կիրառման իրավաչափության հետ։ Հայաստանի կառավարությունը պատասխանել էր, որ ոստիկանության գործողությունները օրինական և համաչափ էին, իսկ քրեական հետապնդումը կապ չունի մեղադրյալների քաղաքական կամ կրոնական հայացքների հետ։
Փաստաբաններն այսօր հայտարարել են, որ ՄԱԿ-ի փորձագետներին ուղարկվելիք հակափաստարկները վերաբերելու են հենց կառավարության ներկայացրած այս հիմնավորումներին։ Մասնավորապես՝ նրանք պատրաստվում են առանձին անդրադառնալ 2024-ի հունիսի 12-ին ոստիկանության կիրառած ուժի համաչափության վերաբերյալ կառավարության պնդումներին, տուժածների գործերով քննության արդյունավետությանը, ինչպես նաև «Սրբազան պայքարի» գործով ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածների կիրառման հիմնավորումներին։
Փաստաբանները հայտարարել են, որ սկսում են նաև փաստահավաք աշխատանք՝ 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձությունների հետևանքով տուժած անձանց վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ ՄԱԿ-ի փորձագետներին կներկայացնեն առանձին տուժողների պատմություններ և նրանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տվյալներ։
Խուդոյանը հայտնել է նաև, որ հունիսի 12-ի բախումների ժամանակ հատուկ միջոցի կիրառումից ձեռքը վնասած և, փաստաբանի խոսքով, հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին սպառնալու մեղադրանքով։ Ըստ Խուդոյանի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացին Սիմոնյանին ցույց է տվել վնասված ձեռքը և ասել, որ դրա համար «օրենքով պետք է պատասխան տան»։ Փաստաբանը նշել է, որ այս դեպքի վերաբերյալ տեղեկությունները ևս կուղարկվեն ՄԱԿ-ի փորձագետներին։
2024 թվականի հունիսի 12-ին «Սրբազան պայքարի» կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ։ ՄԱԿ-ի փորձագետներն իրենց հարցադրումներում նշել են, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կարող էին անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների և լրագրողների նկատմամբ։ ՀՀ կառավարությունը, իր հերթին, պնդել էր, որ տեղի ունեցածը ներառել է զանգվածային անկարգությունների տարրեր, ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաների նետում և ԱԺ հատուկ պահպանվող տարածք ներխուժելու փորձ։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը՝ Գալստանյանը, ձերբակալվել էր 2025-ի հունիսի 25-ին՝ շարժման անդամների տներում իրականացված խուզարկություններից հետո։ Քննության վարկածով՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները 2024-ի նոյեմբերից ծրագրել էին փոքր խմբերի ներգրավմամբ երկրում քաոս ստեղծել, կաթվածահար անել պետական համակարգը և ուժային գործողությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Որպես հիմնավորում՝ ՔԿ-ն հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ։
Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում և քրեական հետապնդումը քաղաքական են համարում։ Գալստանյանի կալանքը տնային կալանքով էր փոխարինվել հունիսին։
