ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախատեսում զորահավաք իրականացնել։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը ռուսաստանցի դիվանագետին հարցրել է, թե արդյոք ինքը տեղյակ է այն մասին, որ հազարավոր տղամարդիկ հիմա Ռուսաստանից «փախչում են» Վրաստան։ ՌԴ իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով մեկ օրվա ընթացքում անցնում է մոտ 20 հազար մարդ։ Լրագրողը դա կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո զորահավաքի նոր ալիք է սպասվում։
«Մի անհանգստացեք Ռուսաստանում զորահավաքի մասին։ Կարծում եմ, որ դրա մասին արդեն պաշտոնապես բազմիցս ասվել է. մեզ հիմա զանգվածային զորահավաք պետք չէ։ Այն չի նախատեսվում և որքանով ես տեղյակ եմ, չի էլ սպասվում»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը։
«Բայց եկեք տեսնենք, թե ինչ կլինի ընտրություններից հետո, մեզանից ով ճիշտ կլինի, իսկ ով՝ ոչ»,- շարունակել է Նեբենզյան։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում իրականացվել էր «մասնակի զորահավաք»։ Դրանից անմիջապես առաջ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ զորահավաք չի նախատեսվում։ 2022 թվականի հոկտեմբերի վերջին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց «մասնակի զորահավաքի» ավարտի մասին, սակայն ՌԴ նախագահն այդպես էլ չստորագրեց համապատասխան հրամանագիրը։ Հետագա տարիներին Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նոր զորահավաքի անհրաժեշտություն չկա, մինչդեռ մինչ օրս չկա դրա ավարտն ազդարարող որևէ փաստաթուղթ։
Լուսանկարը՝ Егор Алеев / ТАСС
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter