Օգոստոսի 21-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան, ինչից հետո քաղաքի բնակիչները հայտնել են պայթյունների մասին։ Քաղաքային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումն ու ճանապարհումը։
Astra-ն իր հերթին գրել է ծխի մասին, որը բարձրանում էր «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանից։ Ավելի վաղ ուկրաինական անօդաչուները մի քանի անգամ հարձակվել էին նավթավերամշակման այս գործարանի վրա, որը Ռուսաստանում խոշորներից մեկն է։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարբեր շրջաններում ոչնչացրել են 325 անօդաչու թռչող սարք: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի մերձակայքում խոցվել է 7 անօդաչու, որոնք թռչում էին Մոսկվայի ուղղությամբ:
Պերմը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինական անօդաչուները 2026 թվականի գարնանից ի վեր մի քանի անգամ հարվածներ են հասցրել Պերմի նավթավերամշակման գործարանին, իսկ հունիսին հարձակվել քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստի վրա։
Լուսանկարը՝ polskieradio.pl-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter