Օգոստոսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, երկօրյա աշխատանքային այցով շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որոնք դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի արդյունքում վերադարձվել են կամ վերադարձման փուլում են։
Այցի առաջին կանգառը Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան (Երկաթուղայինների) այգին էր։ Դեռևս 2025 թվականի դեկտեմբերից մարզպետի գրության հիման վրա սկսված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2000-ականների սկզբին վարձակալության կամ կառուցապատման տրված հողատարածքների պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ բարեկարգման և վարձավճարների մուծման, վարձակալների կողմից չեն կատարվել։ Արդյունքում, 2026 թվականի հունվարին ներկայացված միջնորդագրից հետո, համայնքապետարանն արդեն լուծել է 15 հողատարածքի պայմանագիր, որոնցից 11-ը (3426,85 քմ) կադաստրային գրանցմամբ վերադարձվել են Վանաձորին, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բացի այդ, այգու տարածքից 1000 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հողատարածքի ապօրինի օտարման փաստով դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այնուհետև դատախազության և մարզպետարանի ղեկավարները շրջել են Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայով, որտեղ նախատեսվում է Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնել մայթերի և կանգառների հիմնանորոգում։ Այստեղ ևս ուսումնասիրվել է ընդհանուր օգտագործման տարածքների տրամադրման իրավաչափությունը, և արձանագրված խախտումների հիմքով 2026 թվականի օգոստոսի 14-ին միջնորդագիր է հղվել համայնքապետարան՝ առկա պայմանագրերը լուծելու հարցը քննարկելու նպատակով։
Այցելության հաջորդ հանգրվանը Ալավերդի համայնքն էր։ Թումանյան փողոցում գտնվող 12,000 քմ մակերեսով մարզադաշտի ապօրինի օտարման փաստով դատախազությունը 2026 թվականի ապրիլի 28-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ մասնավոր ընկերության սեփականության իրավունքի գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, ինչն ընդունվել է վարույթ։
Նույնպիսի ընթացք է ունեցել նաև Ալավերդու ճոպանուղու և Սպանդարյան փողոցում գտնվող 2530 քմ հողամասի գործը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճոպանուղու տարածքը հանդիսանում է հատուկ պահպանվող հողատարածք և ենթակա չէր օտարման։ Դատական հայցից հետո՝ 2026 թվականի հուլիսի 15-ին, դատախազության, Կադաստրի կոմիտեի և գույքը տիրապետող ընկերության միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով ընկերությունը պարտավորվել է ամբողջ անշարժ գույքը վերադարձնել Ալավերդի համայնքին։
Աննա Վարդապետյանն այցելել է նաև Ալավերդու քաղաքային լճի տարածք, որտեղ ընթանում են բարեկարգման աշխատանքներ, և մարզի դատախազին տվել է մի շարք հստակ հանձնարարականներ՝ սահմանելով կատարման կոնկրետ ժամկետներ՝ ապօրինի օտարված գույքերը համայնքներին վերադարձնելու գործընթացն ավարտին հասցնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter