Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու և նրանց տեսակցելու խնդրանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի…
Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու և նրանց տեսակցելու խնդրանքով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը։
ԱԳՆ-ից չեն հայտնել, թե կոնկրետ որ երկրին է դիմել Հայաստանը։ Միաժամանակ ընդգծել են, որ նման այց կազմակերպելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը։
Նախարարությունից Sputnik Արմենիային նաև հայտնել են, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկում Բաքվում պահվող հայ անձանց տեսակցելու հնարավորությունը։
«ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկում նրանց տեսակցելու հնարավորության հարցը, սակայն ընթացիկ տարում ԿԽՄԿ-ին համապատասխան թույլտվություն չի տրվել»,- նշել են ԱԳՆ-ից։
Նախարարությունից հայտնել են նաև, որ գերիների հարազատներից Բաքու այցի կազմակերպման հարցով պաշտոնական գրություն չեն ստացել, սակայն տեղյակ են կառավարությանն ուղղված բաց նամակի մասին։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցը շարունակում է մնալ գերատեսչության ուշադրության կենտրոնում՝ նրանց հայրենիք վերադարձն ապահովելու նպատակով։