Զինվորականների շրջանում Պապիկյանի դեմ դժգոհության կա՝ Ճամբարակի միջադեպից հետո. ԶԼՄ

Ճամբարակում օգոստոսի 19 տեղի ուենցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքից հետո զինված ուժերում ուժեղացել է դժգոհությունը նախարար Սուրեն Պապիկյանի դեմ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով գերատեսչությունում իր աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ դեպքը մեծ դժգոհություն է առաջացրել նաև զինծառայողների ծնողների շրջանում։ Նրանցից մեկը հայտարարել է Պաշտպանության նախարարությանը դատի տալու մտադրության մասին։

ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին քաղաքացին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, ինչի հետևանքով մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ վարորդը ձերբակալվել է։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ 

Վարչապետը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում՝ օգոստոսի 20-ին հայտարարել էր, որ զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենան շահագործման ենթակա չպետք է լիներ։

Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին հաջորդել էին ռազմական ղեկավարության կադրային փոփոխությունները։ Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։

2026-ին ոչ մարտական պայմաններում մահվան 6-րդ դեպքն է զինծառայող Վարդանյանի մահը։ Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և  Նարեկ Հակոբյանի դիերը, հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին, իսկ օգոստոսին՝ Գրիգոր Զաքարյանին գտել էին մահացած՝ հրազենային վնասվածքով։ 

Leave a Comment