Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը News.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար։
«Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ամերիկյան կողմն ընդհանուր առմամբ ցուցաբերում է կառուցողական երկխոսության պատրաստակամություն և Ռուսաստանի դիրքորոշման ըմբռնում։ Այս փուլում ավելի կարևոր է այն, թե որքանով է Վաշինգտոնն ի վիճակի ազդելու Կիևի ռեժիմի և նրա եվրոպական հովանավորների որոշումների վրա, որոնք մինչ այժմ երազում են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» մասին»,- ասել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ Ռուբիոն խոսել է խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր գաղափարներ առաջ քաշելու անհրաժեշտության մասին։
«Մենք պատրաստ ենք լսել դրանք, եթե ամերիկացիների նշած «ջանքերը» հենց դրանում են կայանում։ Մենք շարունակում ենք բաց մնալ Վաշինգտոնի հետ երկխոսության համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Անդրադառնալով Ռուբիոյի այն հայտարարությանը, թե Անքորիջում քննարկված առաջարկները մերժվել են Կիևի կողմից, իսկ այժմ անհրաժեշտ է նոր մոտեցումներ մշակել՝ Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ողջամիտ առաջարկներն ու գաղափարները։
«Կիևի ռեժիմը բազմիցս արտահայտել է «մերժում» այն կառուցողական նախաձեռնությունների նկատմամբ, որոնք կոչված էին օգնելու ավարտել հակամարտությունը։ Իսկ դրանից առաջ եղել են Մինսկի համաձայնագրերը և 2022 թվականին Ստամբուլում ընթացած բանակցային գործընթացը»,- նշել է նա։
Ռյաբկովի խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լսել ցանկացած ողջամիտ առաջարկ և գաղափար, որոնք համահունչ են Ռուսաստանի նախագահի առաջադրած նպատակներին և համապատասխանում են «գետնի վրա» առկա իրողություններին»։
