«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան

«Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրկին դիտեցի Բի Բի Սիի Зеленский. Портрет президента на войне ֆիլմը:
Ֆիլմը շատ բաների մասին է, բայց առաջին հերթին այն մասին, թե ինչպես ուկրաինացի ժողովուրդը և ղեկավարությունը դիմացավ ու դիմանում է պատերազմին: Ավելին, արդեն իսկ կան չեզոք տեսակետներ, որ ուկրաինական կողմը բեկել է իրավիճակը և կարող է հասնել առավելության:
Մեր պատերազմը, այս իմաստով, խայտառակություն էր ընդհանուր ղեկավարման ու համատարած ամենաթողության պատճառներով:
Կոչեր էին հնչում կասկա-բուշլատներ առնել ու գնալ կռվի, ջոկատ կազմել և այլն:
Մեր ողբերգական պատերազմը նախ և առաջ պետք է օրերով ու ժամերով վերականգնել ժամանակագրական իմաստով, բոլոր 44 օրերն ու դրան նախորդած շրջանը:
Ես այն մարդկանցից եմ, ով չի ամաչել ասելու, որ հակառակորդը մեզանից ուժեղ էր, լավ պատրաստված քաղաքական, ռազմական, տարածաշրջանային, քարոզչական, հոգեբանական ու բոլոր այն չափանիշներով, որ ընդհանուր է պատերազմներին:
Ավելին, ես շատ եմ գրել, որ մեր սարսափելի պարտության պատճառը ոչ թե դավաճանություն էր, այլ պատերազմին անպատրաստ լինելը, թեև դա էլ պակաս մեղք ու հանցանք չէ:
Այդուհանդերձ, ինձ համար տասնյակ հարցերից երկու էական հարց կա.
ա/ մենք կարո՞ղ էինք դիմանալ գոնե մի քանի ամիս,
բ/ մենք կարո՞ղ էինք բեկում մտցնել, թե հակառակորդը Վարդենիսից կհասներ մինչև Երևան:
Ես օրը-օրին վերականգնում եմ 44 օրերի ժամանակագրությունը, հայտարարությունները, հարցազրույցները, մեկնաբանությունները պատերազմում ներգրավված բոլոր կողմերից:
Մի օր ձեր սեղանին կդնեմ հաստափոր հատոր՝ առանց մեկնաբանությունների ու վերլուծությունների: Դրանց ժամանակը կգա ավելի ուշ, երբ Հայաստանում կլինի նոր կառավարություն և մենք կունենանք որոշ բաց տվյալներ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment