Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին մի քանի զինծառայողի վրաերթի ենթարկած ավտոմեքենան, ինչի հետևանքով նրանցից մեկը զոհվել էր, պետք է շահագործման ենթակա չլիներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկ զինծառայողի մահվան և 6 զինծառայողի վիրավորման պատճառ դարձած վրաերթին։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։
Վարչապետի խոսքով՝ այս դեպքը ևս ցույց է տալիս, որ խնդիրը համակարգային է։ Նա հիշեցրել է, որ Պարեկային ծառայության ներդրումից հետո իրեն տարբեր բնակավայրերից խնդրում էին մեղմ մոտեցում ցուցաբերել տեխնիկական պահանջներին չհամապատասխանող մեքենաների, այդ թվում՝ գյուղերում խոտ տեղափոխող տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Փաշինյանը նշել է, որ իշխանությունները չեն գնացել այդ պահանջները մեղմելու ճանապարհով և պնդել են, որ տեխնիկական անվտանգության կանոնները պետք է պահպանվեն։ Նրա խոսքով՝ չնայած դրան, այժմ տեղի է ունեցել միջադեպ՝ շահագործման համար ոչ պիտանի մեքենայի մասնակցությամբ։ Վարչապետը հավելել է, որ դեպքի բոլոր հանգամանքները պետք է պարզվեն։
Փաշինյանը նաև հայտնել է, որ օգոստոսի 19-ին իր որոշմամբ ստեղծված Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրներով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբին երեք ամիս ժամանակ է տրվել առաջարկներ մշակելու համար։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին քաղաքացին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, ինչի հետևանքով մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ վարորդը ձերբակալվել է։ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին հաջորդել էին ռազմական ղեկավարության կադրային փոփոխությունները։ Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը։ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի փոխարեն պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Արամ Հովհաննիսյանը։
2026-ին ոչ մարտական պայմաններում մահվան 6-րդ դեպքն է զինծառայող Վարդանյանի մահը։ Հունվարին հայտնաբերվել էին զինծառայող Վահան Պետրոսյանի, փետրվարին՝ Դավիթ Մանուկյանի և Նարեկ Հակոբյանի դիերը, հուլիսին հայտնաբերվել էր զինծառայող Արամայիս Գևորգյանի դին, իսկ օգոստոսին՝ Գրիգոր Զաքարյանին գտել էին մահացած՝ հրազենային վնասվածքով։
