Դատարանը մերժել է գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ թույլատրելու նրան չմասնակցել հետագա դատական նիստերին, դատարանի դահլիճից հայտնել է Armenia Today-ի թղթակիցը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Պաշտպանական կողմը խնդրանքը պատճառաբանել է նրանով, որ դատավարությունում Կարապետյանի շահերը ներկայացնում են նրա փաստաբանները։ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դատական նիստերին անձամբ մասնակցելու իմաստ չի տեսնում, և վերստին ընդգծել, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Դատարանը նշել է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում անազատության մեջ գտնվող մեղադրյալների՝ նիստերին չմասնակցելու հնարավորություն։ Բացի այդ, դատարանը որոշել է Կարապետյանի գործով որպես վկաներ հարցաքննել հարկային տեսուչներին։
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը խնդրել է նաև տանից դատարան Կարապետյանին տեղափոխելու համար ավելի հարմարավետ ավտոմեքենա տրամադրել։ Այս միջնորդության կապակցությամբ դատարանը որոշել է համապատասխան գրություն ուղարկել Պրոբացիայի ծառայություն։
Բացի այդ, պաշտպանական կողմը պահանջել է Կարապետյանի անձնագրերի բոլոր էջերի պատճենները։ Հակոբյանը պարզաբանել է, որ դրանք անհրաժեշտ են Ռուսաստանում գործարարին պատկանող գույքի հետ կապված գործարքներ իրականացնելու համար։ Դատարանը պահանջել է ներկայացնել համապատասխան լիազորագիր՝ հայերեն լեզվով։
Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Հուլիսի 9-ին Հակակառուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։ Կարապետյանին կալանավորել էին իշխանությունը զավթելու կոչեր անելու հոդվածով, հետո նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ առաջադրել։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում։
