ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել Ճամբարակում վրաերթից տուժած զինծառայողների վիճակի մասին՝ տեղեկացնելով, որ տուժածները վեցն են։
ՊՆ-ից տեղեկացրել են, որ վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։
Գերատեսչությունից հավելել են, որ մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին քաղաքացին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի, ինչի հետևանքով մահացել էր զինծառայող Սուրեն Վարդանյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել ու հայտնել, որ վարորդը ձերբակալվել է։
