Հայկ Կոնջորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը հանդիպման մասին։

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։

Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։

Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Լուսանկարը՝ ԱԺ կայքից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment