Դատախազությունը դատարան է դիմել Արմեն Աշոտյանից շուրջ 385 մլն դրամ բռնագանձելու պահանջով

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից…

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3 անշարժ գույքի գնման իրավունք։ Դրանցից մեկը Կենտրոն վարչական շրջանում է, իսկ մյուս երկուսը՝ Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ։

Բացի այդ, պահանջվում է բռնագանձել շուրջ 47 մլն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։

Եվս 338 մլն 366 հազար դրամ, ըստ Դատախազության, չի հիմնավորվում օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում։ Նշվում է, որ այդ գումարը 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ ներկայում հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Ընդհանուր առմամբ, դրամական պահանջը կազմում է շուրջ 385 մլն դրամ։

Նշենք, որ խոսքը Դատախազության ներկայացրած հայցապահանջի մասին է, և գույքի ապօրինի ծագման ու բռնագանձման հարցը դեռ պետք է քննվի դատարանում։

Leave a Comment