ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Վիսբադենում, Հեսսենի երկրամասային խորհրդարանում։ Մրցանակի դրամական պարգևը կազմում է 25 հազար եվրո։
Մրցանակը շնորհող կողմը կարևորել է Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, այլև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ հարաբերությունների մերձեցման ուղղությամբ։
Հատկապես ընդգծվել է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացը՝ խաղաղության մասին համատեղ հռչակագրի ընդունումը և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։
Հեսսենի երկրամասային խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը նշել է, որ Փաշինյանին մրցանակ շնորհելը գնահատական է հարևան Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված «պատմական առաջընթացին»։
Մրցանակի հոգաբարձուների խորհրդում նաև ընդգծել են, որ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում նախապատվությունը տվել է դիվանագիտությանը և քաղաքական բանակցություններին՝ ռազմական լարվածության սրման փոխարեն։
Հեսսեյան խաղաղության մրցանակը հիմնադրվել է 1994 թվականին Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի և նրա ընտանիքի կողմից։ Այն շնորհվում է պատերազմների և բռնի հակամարտությունների դադարեցմանը կամ կանխարգելմանը, խաղաղ կարգավորման մեխանիզմների ստեղծմանը և ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստած անձանց։