Arsen Petrosyan Quartet․ հայկական երաժշտության նոր դեսպանները՝ աշխարհի հեղինակավոր բեմերում․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական ավանդական երաժշտության միջազգային ճանաչման գործում վերջին տարիներին առանձնահատուկ դեր է ստանձնել Arsen Petrosyan Quartet-ը, որն իր ստեղծագործական գործունեությամբ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը ներկայացնում է աշխարհի հեղինակավոր բեմերում։ 2018 թվականին դուդուկահար Արսեն Պետրոսյանի նախաձեռնությամբ հիմնադրված համույթը համախմբել է բարձրակարգ երաժիշտների, որոնց նպատակը ոչ միայն ազգային երաժշտական ժառանգության պահպանումն է, այլև դրա ժամանակակից, բարձրարվեստ ներկայացումը միջազգային լսարանին։

Այսօր քառյակի հիմնական կազմում հանդես են գալիս Արսեն Պետրոսյանը՝ դուդուկ, Աստղիկ Սնեցունցը՝ քանոն, Վլադիմիր Պապիկյանը՝ սանթուր և Ավետիս Կեոսեյանը՝ դհոլ և դափ։ Համույթի յուրաքանչյուր անդամ իր բարձր կատարողական վարպետությամբ նպաստում է այն յուրահատուկ հնչողության ձևավորմանը, որը միաժամանակ հավատարիմ է հայկական երաժշտական ավանդույթներին և բաց է ժամանակակից երաժշտական մտածողության համար։ Հատուկ նախագծերում և առանձին համերգներին քառյակին միանում են նաև հրավիրյալ երաժիշտներ։ Վերջին բացօթյա համերգի հատուկ հյուրն էր Չիլիից ժամանած բաս-դուդուկահար Սեզար Վեասը։

Համույթի ելույթների աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներ։ Arsen Petrosyan Quartet-ը հանդես է եկել Վիեննայի Wiener Konzerthaus-ում, Փարիզի Salle Cortot-ում, Բրյուգեի Concertgebouw-ում, Լիեպայայի Great Amber համերգասրահում, ինչպես նաև հեղինակավոր բեմերում Շվեյցարիայում, Շվեդիայում, Դանիայում, Բելգիայում, Չեխիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Լիտվայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և բազմաթիվ այլ երկրներում։ Քառյակը մշտապես մասնակցում է միջազգային երաժշտական փառատոների, որոնց թվում են Resonanzen Festival-ը (Ավստրիա), Festival Radio France Occitanie Montpellier-ը (Ֆրանսիա), Folk Holidays Festival-ը (Չեխիա), Balkanik Festival-ը (Ռումինիա), Stockholm Early Music Festival-ը (Շվեդիա) և այլ հեղինակավոր երաժշտական հարթակներ։

Համույթի երգացանկի առանցքում հայկական ավանդական և հոգևոր երաժշտությունն է։ Տարբեր դարաշրջանների ու ժանրերի ստեղծագործությունները ներկայացվում են ժամանակակից կատարողական մոտեցմամբ՝ պահպանելով դրանց ազգային նկարագիրն ու խորը հոգևոր բովանդակությունը։ Այս գաղափարախոսության շնորհիվ Arsen Petrosyan Quartet-ը դարձել է հայկական երաժշտական մշակույթի լավագույն դեսպաններից մեկը՝ արժանանալով միջազգային մասնագիտական շրջանակների և հանդիսատեսի բարձր գնահատանքին։

Համույթի վերջին նշանակալից ելույթներից էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմակերպած բացօթյա համերգը, որը կայացավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգու բաց բեմում։ Համերգային ծրագիրը ներառում էր հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության ընտիր նմուշներ, իսկ Չիլիից ժամանած բաս-դուդուկահար Սեզար Վեասի մասնակցությունը երեկոյին հաղորդեց յուրահատուկ միջազգային շունչ։ Այս համերգը ևս մեկ անգամ հաստատեց, որ Arsen Petrosyan Quartet-ը ոչ միայն բարձրարվեստ համույթ է, այլև հայկական երաժշտական մշակույթի միջազգային ճանաչման ամենաակտիվ և հաջողակ ներկայացուցիչներից մեկը։

Leave a Comment