ԿԿՀ-ն ուսումնասիրում է Ալեն Սիմոնյանի հրապարակումն ընդդիմադիրների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ի հրապարակումն ընդդիմադիր պատգամավորների մասին՝ պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով հանձնաժողովի պատասխանին։

Գերատեսչությունից պարբերականին հայտնել են, որ հրապարակումը և դրա հետ կապված մեդիա նյութերն ուսումնասիրվում են մեդիա մոնիթորինգի շրջանակում։

Հանձնաժողովը պետք է պարզի, թե արդյոք առկա են օրենսդրական հիմքեր՝ Սիմոնյանի կողմից վարքագծի կանոնների հնարավոր խախտման փաստով վարույթ հարուցելու համար։

Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործել էր «մանկապարտեզի սաներ» և «փոքրիկ ծաղրածուներ» արտահայտությունները, ինչպես նաև սպառնացել «տրորել» նրանց։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերահսկում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորման պահանջների պահպանումը։

Leave a Comment