Ըստ Կառավարության ծրագրի՝ Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը:
Այս ուղղությամբ ծրագրում նշված և իրականացվելիք բարեփոխումներից մի քանիսը.
- Արդիականացվելու են Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանների ենթակառուցվածքները, այդ թվում՝ փոփոխվելու է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, և այն գործարկվելու է որպես ուղևորների սպասարկման համար նոր տերմինալ:
- Միջազգային օդանավակայանի կարգավիճակ է շնորհվելու Կապանի «Սյունիք» օդանավակայանին:
- Իրականացվելու են ավիացիոն ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ՝ միտված ԵՄ ավիացիոն կանոնակարգերի տեղայնացման և ավիացիոն իշխանությունների կազմակերպաիրավական մոդելի կատարելագործմանը:
- Գործարկվելու է TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:
- Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները:
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ներդրվելու է ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր մարզերն ունենալու են որակյալ տրանսպորտային սպասարկում:
- Ապահովվելու է Երևանի տրանսպորտային բարեփոխումների հաջորդ փուլի իրագործումը, այդ թվում՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումը, մետրոպոլիտենի ցանցի ընդլայնումը 2 նոր կայարանի կառուցմամբ («Աջափնյակ» կայարան, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարան), վերգետնյա կանաչ տրանսպորտային ցանցի զարգացումը՝ էլեկտրական շարժակազմին փուլային անցմամբ (առաջին փուլով առնվազն 250 նոր էլեկտրաբուսների ներդրմամբ) և առանձնացված երթուղային միջանցքների ձևավորմամբ, 6 նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը:
- «Խելացի քաղաքի» հայեցակարգի շրջանակում ներդրվելու են տրանսպորտային առաջադեմ համակարգեր և ենթակառուցվածքներ՝ ապահովելով երթևեկության իրական ժամանակում վերլուծության ու կառավարման ամբողջական էկոհամակարգի գործարկումը՝ մեկնարկելով Երևանից:
- Արդիականացվելու և վերականգնվելու են 2500 կմ պետական նշանակության ճանապարհներ և տրանսպորտային օբյեկտներ (այդ թվում՝ 40 կամուրջ, Պուշկինի և Դիլիջանի թունելները)։ Միջազգային բեռնափոխադրումները խթանելու նպատակով մեկնարկելու են «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհային տարանցիկ 2 երթուղու՝ Հայաստանի սահման (Թուրքիա) – Ախուրիկ – Գյումրի – Վանաձոր – Դիլիջան – Իջևան – Կայան – Հայաստանի սահման (Ադրբեջան) և Հայաստանի սահման (Թուրքիա) – Մարգարա –Աշտարակ – Աբովյան – Սևան – Դիլիջան – Իջևան – Կայան – Հայաստանի սահման (Ադրբեջան) ճանապարհահատվածների վերակառուցման և արդիականացման աշխատանքները՝ առաջնահերթություն տալով Գյումրին և այլ բնակավայրերը շրջանցող ճանապարհահատվածների նախագծմանն ու կառուցմանը:
1) Սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվելու և շահագործման են հանձնվելու Մարգարայի և Մեղրիի կամուրջները:
2) Շարունակվելու է Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը, այդ թվում՝
● Ավարտվելու են Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները:
● Կառուցվելու է Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատվածը:
● Քաջարանի և Բարգուշատի թունելների կառուցման ծրագրերը մտնելու են ավարտական փուլ:
● Իրականացվելու են Արտաշատ-Սիսիան շուրջ 165 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի նախագծման աշխատանքները, և 2 ենթահատվածում մեկնարկելու է շինարարությունը:
