ՀՀ կառավարության նոր ծրագրի տրանսպորտի ոլորտի առանցքային ուղղություններից մեկը Հայաստանի տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնումն ու զարգացումն է։ Կառավարությունը նախատեսում է տրանսպորտային…
ՀՀ կառավարության նոր ծրագրի տրանսպորտի ոլորտի առանցքային ուղղություններից մեկը Հայաստանի տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնումն ու զարգացումն է։ Կառավարությունը նախատեսում է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը իրականացնել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում՝ Հայաստանը տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ ուղիներին ինտեգրելու նպատակով։
Ծրագրով նախատեսվում է վերակառուցել և գործարկել «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները։
Նախատեսվում է նաև գործարկել TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը։ Երկաթուղու կառավարման գործող համակարգը ևս նախատեսվում է վերանայել՝ այն Հայաստանի միջազգային տրանսպորտային համակարգին ինտեգրմանը համապատասխանեցնելու նպատակով։
Զուգահեռ նախատեսվում են սահմանային ենթակառուցվածքների խոշոր աշխատանքներ։ Մասնավորապես՝ վերակառուցվելու են Մեղրիի և Բագրատաշենի անցակետերը, ընդլայնվելու է Մարգարայի անցակետը, կառուցվելու են Ախուրիկի և Երասխի անցակետերը, ինչպես նաև Երևանի ու Սյունիքի լոգիստիկ կենտրոնները։
Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև կառուցել և շահագործման հանձնել Մարգարայի և Մեղրիի կամուրջները։
Տրանսպորտային ծրագրի մեկ այլ խոշոր ուղղություն ճանապարհաշինությունն է։ Նախատեսվում է արդիականացնել և վերականգնել 2500 կմ պետական նշանակության ճանապարհներ և տրանսպորտային օբյեկտներ, այդ թվում՝ 40 կամուրջ, Պուշկինի և Դիլիջանի թունելները։
Շարունակվելու է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը։ Մասնավորապես, նախատեսվում է ավարտել Քաջարան-Ագարակ շուրջ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը և կառուցել Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը։ Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագիրը կառավարության ավելի վաղ հրապարակած փաստաթղթերում ևս ներկայացվել է որպես Հյուսիս-հարավ միջանցքի առաջնահերթ նախագիծ։