ՀՀ կառավարության նոր ծրագրի ուղղություններից մեկը նոր Սահմանադրության ընդունումն է։ Ծրագրի համաձայն՝ այն պետք է դառնա ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև Հայաստանի ժողովրդի միասնական քաղաքական…
ՀՀ կառավարության նոր ծրագրի ուղղություններից մեկը նոր Սահմանադրության ընդունումն է։ Ծրագրի համաձայն՝ այն պետք է դառնա ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև Հայաստանի ժողովրդի միասնական քաղաքական պայմանավորվածությունը՝ պետության ապագայի, ինչպես նաև ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների շուրջ։
Կառավարությունը նշում է, որ նոր Սահմանադրության նպատակներից են պետության և ժողովրդի իշխանության ամրապնդումը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունների տարանջատման, փոխզսպումների ու հակակշիռների համակարգի զարգացումը, ինչպես նաև պետական ինստիտուտների արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը։
Նախատեսվում է նաև բարձրացնել դատական իշխանության անկախությունը և դրա նկատմամբ հանրային վստահությունը։
Նոր Սահմանադրության նախագիծը վերջնականացվելու և ներկայացվելու է հանրային ու մասնագիտական քննարկման։ Դրանից հետո քայլեր են ձեռնարկվելու նախագիծը հանրաքվեի դնելու ուղղությամբ։