Գազայից երեխաներ բուժում կստանան Հայաստանում. կառավարությունը կհատկացնի 16,7 մլն դրամ

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպման համար կառավարությունը նախատեսում է պահուստային ֆոնդից հատկացնել 16.7 մլն…

Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեք երեխայի Հայաստան տեղափոխման և անհրաժեշտ բժշկական օգնության կազմակերպման համար կառավարությունը նախատեսում է պահուստային ֆոնդից հատկացնել 16.7 մլն դրամ։ Երեխաներից երկուսի բուժումը նախատեսվում է իրականացնել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում, իսկ մեկինը՝ «Արաբկիր» ԲԿ-ում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։

Նշվում է, որ երեխաների առողջական վիճակի նախնական գնահատման արդյունքում դիտարկված 11 պացիենտից ընտրվել էր 7-ը, որոնց բուժումը հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Այնուամենայնիվ, նշված 7 ընտանիքներից միայն 3-ն են համաձայնել առավելագույնը մեկ ուղեկցող անձի հետ Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվելու պայմանին:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակով Պաղեստինի Պետության իրավասու մարմիններին է փոխանցել պացիենտներին ուղղված պաշտոնական հրավեր-նամակը, որով հավաստվում է, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում կապահովվեն անհրաժեշտ բուժօգնությամբ, իսկ ուղեկցող անձանց կացության ծախսերը կհոգան բուժման ողջ ընթացքում:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների և ֆինանսատնտեսագիտական վարչությունների կողմից։

Leave a Comment