Սեւ ամպեր են կուտակվել մոլդովական Fly One ավիաընկերության գլխին, որը հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 46 %-ի փայատերն է: Մոլդովական փոխադրողին ստիպում են փոխել իր սեփականատերերին:
Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիան» հիմնադրվել է 2021-ի մարտին, իսկ թռիչքները մեկնակել է նույն տարվա դեկտեմբերից: Փոխադրողի 46 %-ն ի սկզբանե պատկանել է մոլդովական Fly One-ին, իսկ մնացած 54 %-ին տիրապետել են ԱԺ իշխանական նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի շրջապատի մարդիկ: Ներկայում նախկին պաշտոնյայի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանն է «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատերը, իսկ մնացած 4 %-ը պատկանում է ավիաընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին:
Նկատենք, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ – կոմերցիոն գործունեության իրավունք տվող հիմնարար փաստաթուղթ է քաղաքացիական ավիացիայում) ունեցող ավիաընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց: Ինչպես տեսանք, «Ֆլայուան Արմենիայի» 54 %-ն ի սկզբանե պատկանել է ՀՀ քաղաքացիների:
Ովքե՞ր են Fly One-ի տերերը
Ինչ վերաբերում է մոլդովական ավիաընկերությանը, ապա այն հիմնադրվել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղավիացիոն իշխանությունների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին: Fly One-ը դուստր ավիաընկերություններ ունի Հայաստանում, Ռումինիայում, Ուզբեկստանում:
Դրա 40 %-ը պատկանում է Մոլդովայի արդարադատության նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 %-ը՝ նախկին պաշտոնյայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին:
Վ. Չեբոտարը 2006-2011 թթ. աշխատել է Մոլդովայի ազգային ավիափոխադրող Air Moldova-ում, 2011-2013 թթ. էլ ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչությունը: 2013-2015-ին Չեբոտարն այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների փոխնախարարն էր, իսկ 2015-2017-ին՝ արդարատության նախարարը: Հենց նախարար աշխատելու տարիներին էլ նա իր մերձավորների ու գործընկերների հետ հիմնել է Fly One մասնավոր ավիաընկերությունը, որն սկսել է մրցակցել Air Moldova-ի հետ: 2019-2021 թթ. Վ. Չեբոտարը Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր էր:
Վլադիմիր Չեբոտար
Fly One-ի մնացած 50 %-ը պատկանում է այդ երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին (2015-2016 թթ.) ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: 10 %-ը գրանցված է հենց Մալեկայի անունով, իսկ 40 %-ը՝ նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի (ժամանակին այս 40 %-ի տերը Միրչա Մալեկայի աներն էր՝ Տուդոր Կարաբաջակը): Մինչեւ քաղավիացիայի ոլորտը ղեկավարելը՝ 2013-2015 թթ., Մալեկան եղել է Air Moldova ավիաընկերության գլխավոր տնօրենը, իսկ դրանից առաջ՝ ֆինանսական տնօրենը: Նա եւ Վ. Չեբոտարը հին ծանոթներ են:
Հատկանշական է, որ 2016-ի հունիսին Մալեկան հրաժարական է տվել քաղավիացիայի ղեկավարի պաշտոնից երկրի այն ժամանակվա վարչապետ Պավել Ֆիլիպի հորդորով: Լրագրողական հետաքննությունը ցույց էր տվել, որ Fly One մասնավոր ընկերությունում Չեբոտարների ընտանիքի իրական գործընկերը նախկին աներոջ՝ Տուդոր Կարաբաջակի միջոցով հենց Միրչա Մալեկան է: Վարչապետ Ֆիլիպը խոստովանել էր, որ շահերի բախում կա, ինչին հետեւել էր Մալեկայի հրաժարականը: Նույնիսկ տվյալներ կային այն մասին, որ Մալեկան ցանկանում է սահմանափակել ազգային փոխադրող Air Moldova-ի թռիչքային ուղղությունները, ինչից օգտվելու էր նորաստեղծ Fly One-ը: Ազատվելով «պաշտոնական կապանքներից»՝ 2017-ի մարտին Մալեկան դարձել էր Fly One-ի գլխավոր տնօրեն, իսկ հետագայում՝ նաեւ 10 %-ի սեփականատեր:
«Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատեր Էդուարդ Սուքիասյանը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, Միրչա Մալեկան
Նշենք, որ Air Moldova-ն 2018-ին մասնավորեցվեց, իսկ 2023-ի մայիսին ֆինանսական դժվարությունների պատճառով դադարեցրեց թռիչքները: Ավելի ուշ ընկերությունը զրկվեց ՕՇՎ-ից, սնանկ ճանաչվեց եւ հայտնվեց լուծարման վարույթում:
Ինչ վերաբերում է Միրչա Մալեկային, ապա նա 2021-2022 թթ. նաեւ «Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրենն էր: Հատկանշական է, որ ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում մինչ օրս հենց Մալեկան է ներկայացված իբրեւ «Ֆլայուան Արմենիայում» մոլդովական Fly One-ին պատկանող 46 %-ի իրական շահառու սեփականատեր, այնինչ, ինչպես ասացինք, մոլդովական փոխադրողը 50-50 համամասնությամբ պատկանում է Չեբոտար եւ Մալեկա ընտանիքներին, այլ ոչ թե միայն վերջիններիս:
Ի՞նչ խնդրի առաջ է կանգնել Fly One-ը
Այս տարվա հունիսին հայտնի է դարձել, որ Մոլդովայի պետական անվտանգության համար կարեւորություն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդը (CEIISS) որոշում է կայացրել Fly One-ի վերահսկողության փոփոխություն կատարելու մասին: Ավիափոխադրողին իր սեփականատերերի շարքում փոփոխություններ անելու համար 90 օր ժամանակ է տրվել:
Նման որոշում կայացվել է 11 ամսվա ուսումնասիրությունից հետո, որի ընթացքում Մոլդովայի իշխանությունները վերլուծել են Fly One-ի գործելակերպն ավիափոխադրումների ոլորտում:
Ուսումնասիրության ընթացքում Խորհուրդը բազմիցս տեղեկատվություն եւ փաստաթղթեր է պահանջել Fly One-ի եւ դրա դուստր ընկերության՝ «Ֆլայուան Արմենիայի» միջեւ ֆինանսական գործարքների, ներդրումային կառուցվածքի եւ շահառու սեփականատերերի մասին: Սակայն պահանջված տեղեկատվության մի մասը տրամադրվել է «ոչ ամբողջ ծավալով»:
Ուսումնասիրվել է նաեւ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» հետ փոխկապակցված անձանց ու միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց միջեւ կապերի առկայությունը: Այս հանգամանքը ներառվել է այն տարրերի շարքում, որոնք գնահատվել են Խորհրդի կողմից որոշում կայացնելիս:
Խորհուրդն ընդգծել է, որ Fly One-ի հանդեպ նման միջոցի կիրառումը նպատակ ունի պաշտպանել պետանվտանգության շահերը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում եւ ապահովել ներդրումային օրենսդրությանը հետեւելը:
«Ընկերության ուղեւորների եւ առևտրային գործընկերների համար ոչ մի անմիջական փոփոխություն չի լինի: Fly One-ը շարունակում է իրականացնել կանոնավոր չվերթեր եւ կատարել իր պարտավորությունները ուղևորների, գործընկերների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ»,- հայտարարել է CEIISS-ը:
Ի՞նչ կապ ունի օիլիգարխ Պլախոտնյուկը
Հաշվի առնելով միջազգային պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» ղեկավարության ենթադրյալ կապերի ուսումնասիրությունը, ինչի մասին հայտարարել է CEIISS-ը, մոլդովական լրատվամիջոցներն անմիջապես հիշել են այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձավոր շրջապատից էր Վլադիմիր Չեբոտարը, ավելին՝ երկուսն էլ եղել են Մոլդովայի դեմոկրատական կուսակցության անդամ, ու եթե Պլախոտնյուկը ժամանակին այս կուսակցության նախագահն էր, ապա Չեբոտարը կուսակցական ղեկավարներից մեկն էր (2019-ից լինելով խորհրդարանի պատգամավոր Դեմկուսից՝ Վ. Չեբոտարը մի քանի այլ կուսակիցների հետ 2020-ին լքել է Դեմկուսն ու հիմնել առանձին պատգամավորական խումբ, իսկ ավելի ուշ նոր կուսակցություն գրանցել):
Թե կոնկրետ ինչպիսի կապեր կամ բիզնես շահեր ունի Պլախոտնյուկը Fly One-ում, դժվար է ասել:
Ներկայում մոլդովացի օլիգարխը գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի պատժամիջոցների տակ: Տարիներ առաջ նրա նկատմամբ Մոլդովայում քրեական հետապնդում էր սկսվել, մեղադրանք էր առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացում, հանցավոր կազմակերպության ստեղծում, խարդախություն: Պլախոտնյուկի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Նա Մոլդովայից հեռացել էր 2019-ին, ընդ որում՝ եղել էր ԱՄՆ-ում, Թուրքիայում, թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսում: 2025-ի հուլիսին մոլդովացի օլիգարխին ձերբակալել էին Հունաստանում, իսկ սեպտեմբերին արտահանձնել Մոլդովա:
2026-ի ապրիլին մոլդովական դատարանը 19 տարվա ազատազրկման դատապարտեց Վ. Պլախոտնյուկին՝ նրան մեղավոր ճանաչելով հանցավոր խմբավորում ղեկավարելու, փողերի լվացման ու խարդախության մեջ: Դատարանը նաեւ որոշել է օլիգարխից ավելի քան 1,1 մլրդ լեյ արժեքով (մոտ 64 մլն դոլար) ակտիվներ բռնագանձել:
Վլադիմիր Պլախոտնյուկը՝ դատարանում
Պլախոտնյուկը հեռակա քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Ռուսաստանում, չնայած Արեւմուտքում նա համարվում է ռուսամետ գործիչ, ավելին՝ Կանադան նրան ներառել է «ռուսաստանյան կոլաբորացիոնիստների» ցուցակ: Պատժամիջոցների տակ հայտնվածների այս ցուցակում այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, ովքեր, ըստ Կանադայի, կապված են Ռուսաստանի հետ:
Молдавские Ведомости-ն գրել է, թե «Ֆլայուան Արմենիան» ստեղծվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից (24.02.2022 թ.) հետո, սակայն, ինչպես նշեցինք վերեւում, հայկական փոխադրողը հիմնադրվել է 2021-ի մարտին, իսկ թռիչքներն սկսել է նույն տարվա դեկտեմբերին՝ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ: Այդուհանդերձ, ճիշտ է մոլդովական լրատվամիջոցի այն դիտարկումը, որ պատերազմից հետո Fly One-ը եւ «Ֆլայուան Արմենիան» Քիշնեւից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ուղեւորներ են տեղափոխում Երեւանի միջոցով: Հավելենք, որ «Ֆլայուան Արմենիայի» ռուսաստանյան ուղղությունների ցանկը չի սահմանափակվում Մոսկվայով, ինչը նշանակում է, որ Մոլդովայից կարելի է Ռուսաստանի տարբեր քաղաքներ մեկնել Երեւանի միջոցով (մոլդովական ավիաընկերությունները Ռուսաստան չեն մեկնում, ռուսականներն էլ չեն թռչում Մոլդովա):
Մի փոքր շեղվելով՝ նկատենք, որ 2025 թ. հայաստանցի լրագրողներին հանդիպած մոլդովացի բարձրաստիճան պաշտոնյան, պատմելով Մոլդովայի ընտրություններում ռուսական միջամտության փորձերի մասին, հայտնել էր, որ Ռուսաստանից Մոլդովա էր տեղափոխվել կանխիկ գումար, որը, ըստ մոլդովական կողմի, կիրառվել է կամ պետք է կիրառվեր տարբեր ընտրական պրոցեսներում ընտրողներին կաշառելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ կանխիկ գումարը Մոլդովա էր հասել 2 հիմնական ուղղությամբ՝ Ստամբուլի ու Երեւանի օդանավակայանների միջոցով:
Միայն 2024 թ., ըստ մեր զրուցակից պաշտոնյայի, Ռուսաստանից 1,1 մլն եվրոյին համարժեք կանխիկ գումար էր տեղափոխվել Մոլդովա: Իսկ այն բանից հետո, երբ մոլդովացի իրավապահները սկսել էին խափանել կանխիկի «մատակարարման շղթաները», փոխանցումներն սկսել էին արվել կրիպտոարժույթով:
Չեբոտարը հերքում է
Եթե Միրչա Մալեկան մոլդովական Fly One-ի 10 %-ի սեփականատերն ու գլխավոր տնօրենն է, ապա Վլադիմիր Չեբոտարն այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: CEIISS-ի վերոնշյալ որոշումից հետո Չեբոտարը մոլդովական Jurnal TV-ին հայտնել է հետեւյալը. «Մենք ցուցաբերել ենք համագործակցելու, պարզաբանումներ տալու եւ անհրաժեշտ տվյալներ տրամադրելու պատրաստակամություն։ Ցավոք, երկխոսությունը միակողմանի էր։ Իշխանությունները հարցնում են, թե ովքեր են Fly One-ի վերջնական շահառու տերերը։ Միանգամայն պարզ է, թե ովքեր են շահառուները։ Նրանց մասին հայտարարվել է տարիներ շարունակ։ Գործընթացը միշտ էլ բացարձակ թափանցիկ է եղել»։
Այսպիսով՝ Չեբոտարը հերքել է, որ իր եւ Մալեկայի ընտանիքներից բացի կամ դրանց փոխարեն այլ շահառու սեփականատեր կա:
Թե ինչով կավարտվի Մոլդովայի իշխանությունների եւ Fly One-ի սեփականատերերի այս առճակատումը, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ հետագա զարգացումներն ուղիղ կամ անուղղակի ազդեցություն ունենան նաեւ «Ֆլայուան Արմենիայի» վրա:
Առաջին լուսանկարում՝ Fly One-ի Airbus A320 օդանավը՝ Ֆրանկֆուրտում, 22.06.2026 թ., planespotters.net
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter