Նոր Հաճնում օգոստոսի 18-ին շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղի ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. երկու անձ ձերբակալվել է․ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից…
Նոր Հաճնում օգոստոսի 18-ին շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկի զամբյուղի ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. երկու անձ ձերբակալվել է․ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի հատկանիշներով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու դեպքով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ երկու դրվագով, այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին։ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Հաճնում շինարարական աշխատանքների ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է դրա տակ։
Դեպքի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկ անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Փրկարարները պարզել էին, որ զամբյուղը բարձրացնելու ընթացքում ավտոկռունկի ճոպանը պոկվել է, և զամբյուղն ընկել է։