ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանին կարող է փոխարինել Արամ Ղազարյանը․ ԶԼՄ – armeniatoday.am

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին կարող է փոխարինել ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը դրական են ընդունել քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատակիցներ, պատիժ կրող անձինք և քրեական աշխարհի ներկայացուցիչներ՝ նրան համարելով առավել ընկալելի ղեկավար։

Թերթը միևնույն ժամանակ չի բացառել, որ այս հնարավոր նշանակումը կարող է հարցեր առաջացնել նաև ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում։ Ըստ պարբերականի՝ Ղազարյանն ազգակցական կապ ունի քրեական աշխարհում «Քանաքեռցի Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանի հետ․ նրանք հորեղբոր որդիներ են։ Այս համատեքստում նշենք, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի ուղղություններից է։

Միևնույն ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 2025 թվականի հունիսին չէր հերքել Ղազարյանի և «Քանաքեռցի Տույի» այդ կապը և նշել էր, որ այն չի կարող ազդել Ղազարյանի ծառայողական գործունեության վրա։

Ղազարյանը 2026 թվականի հունվարի 19-ից ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայությունը և զբաղեցնում ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։ Նախկինում նա ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ինչպես նաև Լոռու մարզպետ էր։

Leave a Comment